Նորություններ
Ներկա և ապագա լրագրողները ծանոթացան Կարմիր...

Ներկա և ապագա լրագրողները ծանոթացան Կարմիր խաչի գործունեությանը

20.11.2017
Ներկա և ապագա լրագրողները ծանոթացան Կարմիր խաչի գործունեությանը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նոյեմբերի 17-ին գործող և ապագա լրագրողների համար  «Կարմիր խաչի գործունեությունը և լրագրողների հմտությունները մարդասիրական ճգնաժամերի լուսաբանման համատեքստում» թեմայով դասընթաց էր կազմակերպել, որին մասնակցեցին տարբեր ԲՈՒՀ-երի լրագրության ֆակուլտետների ուսանողներ, գործող լրագրողներ, հանրային կապերի մասնագետներ: Այն տեղի ունեցավ ինտերակտիվ ձևով, Բանախոսները տեսաշարերի,  սլայդերի (ցուցադրությունների) օգնությամբ ներկայացրեցին թեմաները:

 

Բացման խոսքում ՀԿԽԸ լրատվական և լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը ներկայացրեց Կարմիր Խաչի  միջազգային շարժման ստեղծման պատմությունը, հիմնարար սկզբունքները, խորհրդանիշների գործածության և չարաշահման տարբերակները, ընկերության առաքելությունն ու գործունեությունը.

-   ՀԿԽԸ-ն մշտապես համագործակցում է լրագրողների հետ կազմակերպում դասընթացներ, հանդիպումներ, նոր կապեր ենք ստեղծում՝ ամրապնդելով արդեն ունեցածները: Նպատակն է՝ մեր գործունեությունը լավագույնս ներկայացնել հանրությանը, և այդ գործում մեզ օգնում են լրագրողները: Դասընթացի ընթացքում ներկայացնում ենք Կարմիր խաչի գործունեությունը, իսկ հրավիրված փորձագետները՝ ոլորտի լուսաբանման լավագույն մասնագետներից լինելով, գործող և ապագա լրագրողներին զինում են ոլորտի խնդիրների լուսաբանման համար անհրաժեշտ գիտելիքներով:

Դասընթացի երկրորդ մասում դասախոսությամբ հանդես եկավ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ ներկայացնելով տեղեկատվության վերստուգման և վերիֆիկացման մեխանիզմները, կայքերի  նշանակությունների մասին, օրինակ՝ ո՞ր ծրագրից օգտվել, ինչպե՞ս ստուգել լուսանկարի, տեսանյութի կամ տեղեկատվության հավաստի լինելը:

ԿԽՄԿ հաղորդակցության ծրագրերի համակարգող Զառա Ամատունին ներկայացրեց արդեն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և առաքելությունը:

Դասընթացը եզրափակեց Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը: Նա անդրադարձավ սոցիալական խնդիրների կամ մարդասիրական լրագրությանը. ի՞նչ է մարդասիրական խնդիրների լրագրությունը, ի՞նչ գիտելիքներ են անհրաժեշտ մարդասիրական խնդիրներ լուսաբանելու համար, որո՞նք են թիրախային խմբերը: Ներկայացրեց հաջողված մարդասիրական նախագծերի օրինակներ, օրինակ՝ Կարմիր խաչի համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԿԽԸ և Մեդիամաքս մեդիա ընկերության համատեղ «Մարդասիրությունը. մարդ լինելու արվեստը» թեմայով էսսեների մրցույթը:

-  Դասընթացից հետո կուրսեցիներով որոշեցինք նույնպես անդամակցել ՀԿԽԸ-ին: Սովորում ենք  Հայ- ռուսական սլավոնական համալսարանում, դասընթացի թեմաները որոշ չափով ծանոթ էին, բայց այսօր ամրապնդեցինք մեր գիտելիքները, լրացրեցինք բացերը, - ասում է Հայ – ռուսական սլավոնական համալսարանի ուսանողուհի Սոնա Կաղզվանցյանը::

-  Մինչ այս տեղեկություններ ստուգելու շատ քիչ տարբերակներ գիտեի, դասընթացի շնորհիվ նոր հնարքներ բացահայտեցի ինձ համար, որոնք պատրաստվում եմ հետագայում կիրառել: Բացի այդ,  Կարմիր Խաչի ծրագրերին ծանոթ չէի, լավ հնարավորություն էր տեղեկանալու համար, - նշում է ԵՊՀ ուսանողուհիներից մեկը:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պարբերաբար դասընթացներ, հանդիպումներ ու քննարկումներ է իրականացնում լրագրողների համար՝ Կարմիր խաչի գործունեությունը լուսաբանելու նպատակով:

 

Էլիզա Բալայան

ՀԿԽԸ կամավոր