Նորություններ
Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի...

Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի թիմը հաղթեց Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթում

11.11.2014
Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի թիմը հաղթեց Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթում

Նոյեմբերի 7-ից 9-ը Աղվերանում անցկացվեց Միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ազգային դատախաղ-մրցույթը, որտեղ հաղթող ճանաչվեց Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի թիմը: Թիմի կազմում հանդես էին գալիս ԲՈՒՀ-ի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Կարինե Վարդանյանը, Յուրի Մելիք-Օհանջանյանը և Լիլիթ Մադաթյանը:

Դատախաղը բաղկացած էր 5 փուլից: Առաջին չորս փուլերին մասնակցում էին բոլոր 6 թիմերը` հայաստանյան հետևյալ բուհերի իրավագիտության ֆակուլտետներից՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան, ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։  

Այդ փուլերի արդյունքների համաձայն ժյուրին, որի կազմում ընդգրկված են իրավագիտության ոլորտում Հայաստանի առաջատար մասնագետներ, այդ թվում՝ ի.գ.թ. Վլադիմիր Վարդանյանը, ի.գ.թ. Լևոն Գևորգյանը, ի.գ.թ. Արամ Օրբելյանը, ի.գ.թ. Եղիշե Կիրակոսյանը, ի.գ.թ. Տարոն Սիմոնյանը և ԿԽՄԿ իրավաբան Իռեն Ալոյանը, ընտրեց երկու թիմ`  Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի և Երևանի պետական համալսարանի թիմերը:

Եզրափակիչ  փուլը տեղի ունեցավ նոյեմբերի 9-ին, որի արդյունքների համաձայն էլ հաղթող ճանաչվեց Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի թիմը:

Հաղթողները, որպես պարգև ստացան Samsung Galaxy Tab 3 դյուրակիր համակարգիչներ (տաբլեթներ), մասնագիտական գրքեր, ինչպես նաև մրցույթի հաղթական գավաթը, որը հաղթող թիմին փոխանցեց նախորդ տարի հաղթանակ տարած` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի թիմը:

Եզրափակիչ անցած թիմերին հնարավորություն կտրվի նաև պրակտիկա անցնել ՀՀ Սահմանադրական դատարանում ու Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնում: 

ՄՄԻ դատախաղ-մրցույթը նպատակ ունի տեսական դասընթացների և գործնական առաջադրանքների միջոցով խթանել միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ ապագա իրավաբանների հետաքրքրվածությունը և խորացնել նրանց գիտելիքները: 

Մրցույթը կազմակերպել էր Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աջակցությամբ և Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի (ՄՀԻՀԿ) հետ համատեղ։