Նորություններ
Ինչպե՞ս պաշտպանվել ձեզ COVID-19 հանրային իրազեկման...

Ինչպե՞ս պաշտպանվել ձեզ COVID-19 հանրային իրազեկման արշավ

03.07.2020
Ինչպե՞ս պաշտպանվել ձեզ COVID-19 հանրային իրազեկման արշավ

Հանրային իրազեկման արշավը հանրապետության ամբողջ տարածքում համատեղ նախաձեռնել են ՀՀ Վարչապետի աշխատակազմը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հաշվի առնելով Հայաստանում Քովիդ-19 համավարակի տարածման շարունակական աճը։

 

Հունիսի 15-ից Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները շրջում  էին մարդաշատ տարածքներում, բակերում և  հանրային տրանսպորտում՝բաժանելով իրազեկման թերթիկներ և բնակչությանը կրկին հիշեցնելով  դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու, Քովիդ-19 վարակից պաշտպանվելու կանոնները պահպանելու կարևորության մասին։  Անհրաժեշտության դեպքում, տրամադրվում էր նաև դիմակ, ձեռնոց և ալկոգել։ ՀՀ մարզերում այս ձևաչափով իրազեկումը նույն արդյունավետությամբ շարունակվում է։

 

Երևանի բոլոր վարչական շրջաններում և մարզերում իրականացվող հանրային իրազեկման արշավի ընթացքում բաժանվել է 394 000 պաշտպանիչ միջոց՝ դիմակ, ձեռնոց և ալկոգել։ Իրազեկող թռուցիկներ ու պաստառներ են փակցվել բնակելի շենքերի շքամուտքերում, գովազդային տախտակների, սյուների, մեքենաների վրա, Երևանի մետրոպոլիտենում։

 

Մարտի 16-ից՝ Քովիդ-19 համավարակի հայտարարման առաջին իսկ օրվանից, ՀԿԽԸ կողմից հավաքագրված և պատրաստված շուրջ 1500 կամավորները պարբերաբար Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքներում տարածել են տեղեկատվական թերթիկներ և բնակչության շրջանում իրականացրել իրազեկման աշխատանքներ։  Վարակից պաշտպանվելու վերաբերյալ իրազեկող թերթիկները շահառուներին են տրամադրվում նաև մարդասիրական օգնության փաթեթի հետ միասին, տրվել են նաև մարզպետարաններին և ՏԻՄ-երին, գործընկեր կազմակերպություններին։