Նորություններ
Փոխըմբռնման հուշագիր՝ Տավուշի մարզպետարանի և...

Փոխըմբռնման հուշագիր՝ Տավուշի մարզպետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև

25.04.2019
Փոխըմբռնման հուշագիր՝ Տավուշի մարզպետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև

Ապրիլի 25-ին՝ Համագործակցության և փոխադարձ աջակցության մասին փոխըմբռնման հուշագիր կնքվեց ՀՀ Տավուշի մարզպետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) միջև, որը ստորագրեցին ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը։ Հուշագրի համաձայն՝ մարզպետարանը և ՀԿԽԸ-ն կհամագործակցեն՝ արտակարգ իրավիճակներին համատեղ նախապատրաստվելու և արձագանքելու նպատակով:

 

Այդպիսով, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կընգրկվի ՀՀ Տավուշի մարզային արտակարգ իրավիճակների հանձնաժողովի և Աղետների ռիսկի նվազեցման մարզային թիմի կազմում, կազմակերպչական և փորձագիտական հարցերով (աղետներին նախապատրաստում և արձագանք, Որոնում ծառայություն, առաջին օգնություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն և այլն) կաջակցի կամավորական արձագանքման թիմի համար նախատեսված վերապատրաստման դասընթացներին, ուսումնավարժանքներին և այլ միջոցառումներին, արտակարգ իրավիճակների ժամանակ կաջակցի տուժածներին` համապատասխան ծրագրերի ու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման՝ աղետներին արձագանքման աղբյուրներով համապատասխան մարդասիրական օգնություն ստանալու միջոցով և այլն։

 

ՀԿԽԸ-ն Տավուշի մարզում իր գործունեությունն իրականացնում է Տավուշի մարզային և Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի համայնքային մասնաճյուղերի միջոցով՝ աջակցելով միայնակ առավել խոցելի տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անհայտ կորածների ընտանիքներին, անապահով ընտանիքներին, խոցելի համայնքներին։

Այդ գործունեությունն ընդգրկում է՝ սահմանամերձ համայնքներում բնակչության անվտանգության բարելավում, երեխաների կայուն զարգացում և կարիքավոր երեխաների ինտեգրում, սոցիալ – հոգեբանական աջակցություն, աղետների ռիսկի նվազեցում։

Իրականացվող գործունեությանն առավել մանրամասն կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.redcross.am/branches/tavush-regional-branch.html։

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման     հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 99 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց: