Նորություններ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց ՀԿԽԸ...

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց ՀԿԽԸ բարեգործական ճաշարան

30.12.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց ՀԿԽԸ բարեգործական ճաշարան

Դեկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Արարատի մարզի Մասիս քաղաք՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) բարեգործական ճաշարանից օգտվող միայնակ անապահով տարեցների և անապահով ընտանիքների Նոր տարին շնորհավորելու համար։ Նրան դիմավորեցին ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Մասիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, փոխքաղաքապետերը։


ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, ողջունելով ներկաներին, ասաց․

 

-          Հարգելի պարոն Նախագահ, սիրելի հյուրեր ու կամավորներ, ճաշարանի մասնակիցներ,  մենք անչափ շնորհակալ ենք պարոն Նախագահին, որ իր զբաղված առօրյայից կարողացել է ժամանակ հատկացնել և շնորհավորել մեր տարեցների Ամանորն ու Սուրբ ծնունդը։

 

ՀՀ նախագահը ևս  ողջունեց ճաշարանի այցելուներին՝ ասելով․


-          Ինձ սովորեցրել են, որ իմ ունեցածով կիսվեմ ուրիշների հետ։ Եթե մենք չկիսենք մեր ուրախությունն ու հաջողությունը, մեր դժվարությունները կիսող չի լինի։ Ես վստահ եմ, որ լավատեսությունն ու հույսը կորցնել չի կարելի, և պետք է հավատանք, որ 2019 թվականն ավելի լավն է լինելու, իսկ 2020-ը՝ էլ ավելի լավը։ Մենք էլ շնորհակալ ենք Կարմիր խաչին, և բոլոր նրանց, ովքեր ձեր կողքին են, և հհնարավորինս թեթևացնում են ձեր հոգսը։ Ես ևս կօգնեմ ձեզ ինչով կարող եմ, հատկապես պատրաստ եմ աջակցել  երեխաներին։

ՀՀ նախագահի կողմից՝ Նոր տարվա կապակցությամբ, շահառուներին հանձնվեցին սննդի փաթեթներ։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ, 2017թ․ հուլիսից  բարեգործական ճաշարան գործարկեց Արարատի մարզի Մասիս քաղաքում: Այս նախաձեռնության շնորհիվ 80 տարեցներ ոչ միայն ապահովված են տաք, սննդարար ճաշով և հնարավորություն ունեն ամեն օր շփվել միմյանց հետ, այլև շրջապատված են ՀԿԽԸ կամավորների ու անձնակազմի ջերմությամբ ու հոգատարությամբ: Շահառուներն ընտրվել են հստակ որոշված կարիքների և մշակված չափանիշների հիման վրա: Գործընթացն իրականացվել է սերտորեն համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հատկապես՝ մարզպետարանի և քաղաքապետարանի սոցիալական հարցերի բաժինների հետ: 

Հայկական Կարմիր խաչի ընկերության նախաձեռնությանը միացել են և իրենց աջակցությունն են ցուցաբերում նաև տեղական ինքնակառավարման մարմիններն ու մասնավոր սեկտորը՝ Մասիս քաղաքապետարանն աջակցել է տարածքի վերանորոգմանը, որն անվարձահատույց տրամադրվել է մասնավոր անձի կողմից, «Ապարան» ջրի գործարանի կողմից տրամադրվում է խմելու ջուր, «Վեգա» ընկերությունը տրամադրել է կենցաղային տեխնիկա: