RENEW ծրագիրը իրականացվում է Հայակական Կարմիր Խաչի ընկերության կողմից՝ Ավստրիական Կարմիր Խաչի աջակցությամբ։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ իր Մարդասիրական Օգնության Գործողությունների միջոցով և գործարկվում է 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի ապրիլ։ RENEW ծրագրի նպատակն է բարելավել ԼՂ-ից տեղահանված անձանց կյանքի պայմանները՝ կենտրոնանալով հոգեսոցիալական բարեկեցության բարձրացման, կանխիկ և վաուչերային աջակցման, ինչպես նաև զբաղվածության խթանման և եկամուտների ստեղծման վրա:
Տարբեր միջոցառումների համադրումը թույլ կտա Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը հաղթահարել իրենց վերապրած տրավմաները։
Խմբային խորհրդատվություն․ Խմբային խորհրդատվական սեանսները տեղահանված անձանց համար ստեղծում են աջակցող միջավայր, որտեղ նրանք կարող են հավաքվել, փոխկապակցվել և կիսվել իրենց փորձով։ Սեանսները վարում են վերապատրաստված հոգեբաններ՝ ապահովելով հարթակ՝ հույզերի արտահայտման, փորձառությունների փոխանակման և համակրանքի ու փոխադարձ աջակցության համար։ Քննարկվող թեմաներից են՝ «Զինված հակամարտությունների հոգեբանական հետևանքները», «Սթրեսի հաղթահարման ռազմավարություններ» և «Ինչպես խոսել երեխաների հետ պատերազմի և տեղահանության մասին»։
Անհատական խորհրդատվություն․ Եթե անհրաժեշտ է ավելի խորը աջակցություն, տրամադրվում են անհատական խորհրդատվական սեանսներ։ Սովորաբար իրականացվում է մեկ կամ երկու անհատական հանդիպում, սակայն ավելացված կարիքի դեպքում հնարավոր է անցկացնել նաև հավելյալ սեանսներ։
Պատմություն՝ Նարեկի դեպքը (5 տարեկան տղա, տեղահանված ԼՂ-ից)․ ԼՂ-ից Հայաստան տեղափոխվելը Նարեկի համար մեծ սթրես էր։ Նա հաճախ էր լաց լինում և խնդրում վերադառնալ տուն։ Վախերի պատճառով չէր կարողանում գիշերը մենակ քնել և ցերեկը մենակ մնալ սենյակում։ Գիշերները հաճախ արթնանում էր և մի քանի անգամ ջուր էր ուզում։ Նրա մայրը նշում է, որ 6-7 անհատական խորհրդատվական սեանսներից հետո Նարեկի վարքում և ընդհանուր վիճակում զգալի դրական փոփոխություններ տեղի ունեցան։ Նա սկսեց խաղաղ քնել գիշերը, նույնիսկ՝ առանձին սենյակում։ Նա նաև դարձավ հանգիստ, իսկ գլխացավերը աստիճանաբար վերացան:
Համայնքային խորհրդատուներ․
Վեց համայնքային խորհրդատու՝ բոլորը վերապատրաստված հոգեբաններ են, աջակցում են տեղահանված անձանց խմբային և անհատական խորհրդատվական սեանսների միջոցով։
Լիլիթ Քարդումյան (համայնքային խորհրդատու, հոգեբան)․
«ԼՂ-ից հարկադիր տեղահանված մարդկանց համար ամենամեծ կորուստը հաճախ ապագայի հանդեպ հավատն է։ Խմբային և անհատական սեանսների միջոցով կարևոր, մոտիվացնող և ուժեղացնող արդյունքներից մեկն այն է, որ վերակենդանանում է մարդկանց վստահությունը, հավատը ապագայի հանդեպ, ինչպես նաև՝ կայունության և կանխատեսելիության զգացումը»։