Նորություններ
Ես սիրում եմ Կարմիր խաչը, որովհետև առանց նրանց...

Ես սիրում եմ Կարմիր խաչը, որովհետև առանց նրանց չգիտեմ, թե ինչպես պետք է ապրեի․․․

17.06.2019
Ես սիրում եմ Կարմիր խաչը, որովհետև առանց նրանց չգիտեմ, թե ինչպես պետք է ապրեի․․․

 

-   Արմինեն, Նարինեն, Անուշիկը իմ աղջիկներն են, այնքան դաստիարակված են, գրագետ, կիրթ, լուրջ: Ես իրենց շատ եմ սիրում, միայն իրենց հետ եմ շփվում, իրենք իմ ընտանիքն են: Կարմիր խաչից էլ շատ գոհ եմ:

 

 Այս բառերը մեր խոսակցության ընթացքում անընդմեջ ու երախտագիտությամբ  կրկնում էր    Աննա Սորոկինան:  Ծնվել է Լենինգրադում, տասը տարեկանում,  1941 թվականին՝ էվակուացիայի ժամանակ, մոր հետ եկել է Հայաստան:  Այդ օրվանից Հայաստանը  դարձել է  իր երկրորդ հայրենիքը: Լավ հասկանում է հայերեն, սակայն  նախընտրում է խոսել ռուսերեն: Ստացել է միջին մասնագիտական կրթություն՝ ավարտելով տեխնիկումը: Երկար տարիներ աշխատել է քիմկոմբինատում՝ որպես տնօրենի քարտուղար: Ամուսնացել է, բայց միայնակ մեծացրել որդուն, ուսման տվել: Որդին ռազմական օդաչու է, այժմ  թոշակառու է՝ 65 տարեկան, բնակվում է Ռուսաստանում:  Իսկ տիկին Աննան արդեն 88 տարեկան, ապրում է Վանաձորում՝ միայնակ, մի շարք հիվանդություներով. ունի մշտական խնամքի կարիք:

 

Արդեն երեք տարի է ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերության «Համայնքների ինտեգրացված տնային խնամք և առողջ երկարակեցություն» ծրագրի շահառու է:  Տնային խնամողը, որը նաև մասնագիտությամբ բուժքույր է, օգնում է տիկին Աննային կենցաղային տարբեր գործերում, իսկ ավագ բուժքույրը՝ առողջական խնդիրների հարցում: Տիկին Աննան այստեղ ևս օգնում է բուժքույրներին՝ ամեն օր չափելով իր զարկերակային ճնշումը և գրանցելով սեղանին դրված տետրում:

 

Anna Sorokina-  Տաթևիկի հետ շատ հետաքրքիր է զրուցելը բժշկական թեմաներով:  Իրենք ինձ օգնում են ամեն ինչում.  լվացքն են հավաքում, արդուկում, խանութ են գնում, այն ինչ ես խնդրում եմ իրենք անմիջապես անում են: Ես իրենց շատ եմ սիրում, կարծես իրենք իմ աղջիկները լինեն: Շատ լավ է որ կա այսպիսի հումանիտար կազմակերպություն, առանց իրենց ես չգիտեմ ՝ինչպես կապրեի, իրենք ինձ շատ բաներում են օգնում: Մեծ օգնություն է, ինչ էի ես առանց իրենց անելու: Եղել է դեպք, երբ ատամներիս սաստիկ ցավի պատճառով, այտս ուռել էր, տաքությունս բարձրացել, Նարինեն՝ ավագ բուժքույրը, երեկոյան ժամը 9-ին ինձ բերել և ներարկել է ցավազրկող: Ինչպե՞ս չսիրել և գոհ չլինել, իրենք օգնում են մեզ՝ միայնակ տատիկներիս ամեն ինչով:

 

Անմնացորդ ջերմության և հոգատարության շնորհիվ խաչի կամավորներն ու անդամները դարձել են միայնակ, խնամքի կարիք ունեցող տարեցների ամենահարազատ մարդիկ, որոնց այցին միշտ անհամբեր սպասում են: