Նորություններ
ԿԽՄԿ և ԿԽՄՖ տարածաշրջանային տնօրենները...

ԿԽՄԿ և ԿԽՄՖ տարածաշրջանային տնօրենները Երևանում են

04.12.2020
ԿԽՄԿ և ԿԽՄՖ տարածաշրջանային տնօրենները Երևանում են

Դեկտեմբերի 3-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպի և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Բրիգիտ Բիշոֆ էբեսենի պատվիրակություններին հետ։

 

Հանդիպման նպատակն էր քննարկել Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով երկրում առաջացած մարդասիրական խնդիրները և համատեղ արձագանքի համակարգման աշխատանքները։

 

- Այսպիսի ծանր, մարտահրավերներով լի տարի դեռևս չէինք ունեցել։ Հայկական Կարմիր խաչի ընկերության դերը երկրում ամրագրված է։ Մեր կազմակերպությունն իր մարդկային ռեսուրսներով և հաշվետվողականության թափանցիկ համակարգի շնորհիվ վստահելի գործընկեր է Կառավարության և այլ գործընկերների համար։

 

Ազգային ընկերությունն այս օրերին զգացել է մեր գործընկերների՝ Կարմիր խաչի ընտանիքի աջակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել այս օրերին մեր մարդասիրական արձագանքը։ Շուտով Հայաստանում կունենանք նաև ԿԽՄՖ պատվիրակություն, ինչն ավելի սերտ կդարձնի մեր համագործակցությունը՝ ի շահ մեր շահառուների, - ողջունելով հյուրերին նշեց գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։

                                                                                                                    

ԿԽՄԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Մարտին Շյուպն ասաց, որ ողջունելի է, որ ակտիվ մարտական գործողությունները դադարել են, և այժմ Կարմիր խաչը պետք է կենտրոնանա իր մարդասիրական առաքելությունը լիարժեքորեն իրականացնելու վրա։

 

- Տարբեր հանդիպումների ժամանակ զգացել եմ, որ ՀՀ Կառավարությունը վստահում է Ազգային ընկերությանը, շնորհակալ ենք այս ընթացքում իրականացված մեծ աշխատանքի համար։ Հիմա պետք է մտածենք, թե ինչպես համակարգենք մեր աշխատանքը, կոորդինացիոն մեխանիզմներ մշակենք, որպեսզի մեր՝ որպես Շարժման բաղկացուցիչներ, աշխատանքն առավել արդյունավետ լինի, -

 

ԿԽՄՖ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Բրիգիտ Բիշոֆ էբեսենը նույնպես նշեց համակարգված աշխատելու կարևորությունը․

 

- Որպես Կարմիր խաչի ընտանիքի անդամ այսօր թիմ ունենք երկրում, որը համագործակցում է ՀԿԽԸ-ի հետ։ Մենք տեսնում ենք, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն այս տարվա ընթացքում հսկայական աշխատանքն է կատարել, և հիմա էլ, պատերազմի հետևանքներին զուգահեռ, Քովիդ – 19-ը նույնպես չի հեռացել և համավարակի վտանգն առկա է։ Մենք այստեղ ենք վերահաստատելու մեր աջակցությունը՝ համակարգված աշխատելով արձագանքելու խոցելի խմբերի մարդասիրական կարիքներին - ասաց նա։

 

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման գործընկերների և միջազգային ու տեղական կազմակերպությունների կողմից ավելի քան 3 100 000 ԱՄՆ դոլար է տրամադրվել Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց ամենահրատապ ու անհետաձգելի կարիքներին արձագանքելու համար։