Նորություններ
Առաջին օգնության դասընթացներ ԱԻՆ...

Առաջին օգնության դասընթացներ ԱԻՆ քաղպաշտպանության ջոկատների համար

11.08.2017
Առաջին օգնության դասընթացներ ԱԻՆ քաղպաշտպանության ջոկատների համար

Սահմանամերձ, մասնավորապես, Տավուշի մարզի 10 համայնքներում գործող Արտակարգ իրավիճակների նախարարության քաղպաշտպանության փրկարարական ջոկատների անդամները (յուրաքանչյուր համայնքում՝ 24-25 մարդ) կմասնակցեն Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպված Առաջին օգնության դասընթացներին: Չորս համայնքներում ՝ Ազատամուտ, Չինարի, Այգեպար և Ներքին Կարմրաղբյուր, դասընթացներն արդեն անցկացվել են: Զուգահեռաբար ընթանում են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից իրականացվող Միջազգային մարդասիրական իրավունքի սեմինարները:

Դասընթացները կազմակերպվում են հունիսի 28-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև ստորագրված «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

- Առաջին օգնության դասընթացների անցկացման նպատակը համապատասխան հմտությունների և գիտելիքների փոխանցումն է, ինչը թույլ կտա տեղում գործող ուժեղացված փրկարարական ուժերին ավելի արագ և արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Սահմանամերձ գյուղերում մարդկանց պատրաստվածությունն այս ոլորտում բարձրացնելն ավելի է անհրաժեշտ, քանի որ շատ են դժվարհասանելի վայրերն ու, դրանով պայմանավորված, շտապօգնությունների ուշացումները, - նշում է ՀԿԽԸ Առաջին օգնության բաժնի վարիչ Զառա Խուդոյանը: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, Առաջին օգնության դասընթացներ սահմանամերձ համայնքներում բնակչության տարբեր խմբերի համար կազմակերպում է արդեն մի քանի տարի: Դասընթացները վարում են ՀԿԽԸ հրահանգիչները՝ Առաջին օգնության եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան:

Ռաիսա Պապյան ՀԿԽԸ կամավոր