Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունում էր...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունում էր Ավստրիական Կարմիր խաչի գլխավոր քարտուղար Վերներ Կերշբաումը

09.09.2014

Սեպտեմբերի 8-ին Հայկական Կարմիր խաչի գլխավոր գրասենյակում էր Ավստրիայի Կարմիր խաչի գլխավոր քարտուղար Վերներ Կերշբաումը, որին հանդիպեց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:

Ավստրիացի իր գործընկերոջը ներկայացնելով Հայկական Կարմիր խաչի ընկերության այսօրվա գործունեությունը և անելիքները` Ա. Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց Ավստրիական Կարմիր խաչին` վստահության և ՀԿԽԸ ռազմավարական ուղղություններով իրականացվող ծրագրերին աջակցելու համար: 

Ավստրիական Կարմիր խաչի  և Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի, որի առավել ակտիվ շրջան սկսվել է 2011թ. մի քանի ուղղություններով` սոցիալ-հոգեբանական աջակցության, կլիմայի փոփոխության և աղետների կառավարման ոլորտներում:  

ԱԿԽ գլխավոր քարտուղարը նշեց, որ բարձր է գնահատում համագործակցությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ, քանի որ ԱԿԽ աջակցությամբ իրականացվող ծրագրերն իրագործվում են բարձր մակարդակով ու արդյունավետությամբ:

-  ՀԿԽԸ-ի հետ համագործակցությունը շարունակական կլինի և կընդլայնվի: Կարծում եմ մենք կաշխատենք մեր կապերն առավել ամրապնդելու համար, քանի որ երկուստեք ուղղում ենք մեր ջանքերը` ի բարօրություն մեր շահառուների և խոցելի համայնքների,  - ասաց նա:

Այցի շրջանակներում Վերներ Կերշբաումը` ՀԿԽԸ գլխավոր քարտուղարի ուղեկցությամբ այցելեց Երևանի հանրակացարաններից մեկը, որտեղ իրականացվող «Սոցիալ-հոգեբանական ծառայություն փախստական ծերերին» ծրագրի շրջանակներում երիտասարդ կամավորներն այցելում են և օգնում միայնակ փախստական ծերերին:  Այստեղ է գործում նաև «Ժպիտների ակումբը», որտեղ ներգրավված են փախստականների երեխաները:

ԱԿԽ գլխավոր քարտուղարը զրուցեց ծրագրում ներգրավված շահառուների` ծերերի ու երեխաների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով, ցանկություններով ու ծրագրի արդյունավետությամբ: Նա հատկապես տպավորվեց 88-ամյա Սեդա տատիկի հետ զրույցից, որը թեև կույր էր ու գամված էր անկողնուն, բայց կարողացավ հիշել դեռ դպրոցում անցած գերմաներենի դասերն ու գերմաներենով ողջունեց իր հյուրին:

2012 թվականի դեկտեմբերի 1-ից մեկնարկել է և մինչև 2015 թվականի դեկտեմբերն իրականացվելու է «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագիրը, որի նպատակն է նվազեցնել գյուղական և քաղաքային համայնքների բնակչության խոցելիությունը աղետների նկատմամբ: Ծրագիրն իրագործվում է Ավստրիայի Զարգացման Համագործակցության ֆինանսավորմամբ:

2013թ. հոկտեմբերից 2014թ. հուլիսը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի օժանդակությամբ  իրագործվել է «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը` նպատակ ունենալով նպաստել Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանը:

Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ և «Մեդիկոր» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվում է «Սոցիալ-հոգեբանական ծառայություն փախստական ծերերին» ծրագիրը, որի  նպատակն է բարելավել Երևանի երկու հանրակացարաններում բնակվող հանրակացարանաբնակ և անապահով ծերերի և երեխաների ներգրավվածությունն ու սոցիալական պայմանները:  

2013թ. հունվարին մեկնարկել է և մինչև 2014թ. դեկտեմբեր շարունակվելու է Եվրամիության, Ավստրիական զարգացման գործակալության, Ավստրիական Կարմիր խաչի և Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Կլիմայի Արևելյան հարթակ» ծրագիրը նպատակն է նպաստել Արևելյան Գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության և բնապահպանական ոլորտում քաղաքականության առաջընթացին: