Նորություններ
Տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի...

Տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող կառույցների ցանցի առաջին հանդիպումը

18.02.2016
Տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող կառույցների ցանցի առաջին հանդիպումը

Փետրվարի 17-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող կառույցների ցանցի առաջին հանդիպումը:
Հանդիպմանը ցանցի անդամներից ներկա էին «Առաքելություն Հայաստան», «Կարիտաս Հայաստան» կազմակերպությունների, Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծրագրերի հետազատությունների կենտրոնի, ինչպես նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների և տարեցների հարցերի վարչության և Ազգային ինստտիտուտի ներկայացուցիչներ:

ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը՝ ողջունելով ներկաներին, նշեց.

- Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում հյուրընկալելով այս ցանցի առաջին հանդիպումը՝ բարի երթ եմ մաղթում մեզ բոլորիս, այս կարևոր նախաձեռնությունը հաջողությամբ իրագործելու համար: ՀԿԽԸ-ն տասնյակ տարիների փորձ ունի սոցիալ-առողջապահության ոլորտում, որը պատրաստ է կիսել այս ցանցի շրջանակներում՝ համատեղելու մեր ջանքերը՝ ի նպաստ մեր շահառուների:

Տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման հիմնախնդիրներով զբաղվող կառույցների ցանցի առաջին հանդիպման ժամանակ տեղի ունեցավ այս տարվա համակարգողի ընտրությունը, ներկայացվեց տարեցների կարիքների ու վճարունակության գնահատման մեթոդական ձեռնարկը, քննարկվեցին ցանցի համակարգման այլ հարցեր:

Ցանցը ստեղծվել է հունվարի 27-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության, Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի, Առաքելություն Հայաստան ԲՀԿ-ի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ ջանքերով մշակված «ՀՀ-ում տարեցների սոցիալական պաշտպանությամբ և խնամքի տրամադրմամբ զբաղվող կառույցների միջև փոխըմբռնման հուշագրի» համաձայն: Միանալով հուշագրին կողմերը պարտավորվել են ցանցի շրջանակներում համագործակցել, իրականացնել հստակ ծրագրեր կամ աջակցել այն ծրագրերի իրականացմանը, որոնք ուղղված են լինելու տարեցների շահերի պաշտպանությանը, նրանց կյանքի որակի բարելավմանը, հասարակական կյանքին նրանց անարգել մասնակցությանը, առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության ու մատչելիության ապահովմանը, նպաստել սոցիալական պաշտպանության ոլորտի կայուն զարգացման քաղաքականությունների մշակմանն և դրանց իրականացմանն ուղղված միջոցառումներին, իրենց հնարավորությունների սահմաններում, միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն Հուշագրի շրջանակներում համապատասխան քայլերի իրականացման ուղղությամբ, իրականացնել համագործակցության շրջանակների ընդլայնմանը, ինչպես նաև տարեցների սոցիալական պաշտպանության և խնամքի տրամադրման ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության և իրավագիտակցության մակարդակի բարձրացմանը նպաստող աշխատանքներ, որոնք կարող են դրսևորվել հեռուստառադիոհաղորդումների, սոցիալական բնույթ ունեցող հոլովակների պատրաստմամբ և կամ հեռարձակմամբ, սոցիալական ծառայությունների և հաստատությունների, սոցիալական ոլորտում անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ տեղեկատվությունների հրապարակմամբ, տեղեկատվական թերթիկների և ուղեցույցների տպագրությամբ ու տարածմամբ, ինչպես նաև Կողմերի համար ընդունելի և հասանելի այլ միջոցներով և այլն :

Հուշագիրը նպատակաուղղված է ինստիտուցիոնալացնել ՀՀ-ում տարեցների հիմնախնդիրներով զբաղվող տարբեր կառույցների միջև փոխհարաբերությունները և ստեղծել համագործակցության գործուն մեխանիզմներ` պահպանելով ռեսուրսների համադրման և արդյունավետ կառավարման սկզբունքները: Այն իր բնույթով և ընդգրկման աշխարհագրությամբ համապարփակ է: Այն քաղաքացիա-իրավական փաստաթուղթ է, որը բաց է բոլոր հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և շահույթ հետապնդող կառույցների համար, որոնք պատրաստ են համագործակցել փաստաթղթում բերված նպատակներից առնվազն մեկի շրջանակներում: