Նորություններ
Շվեյցարիայի և Մոնակոյի Կարմիր խաչերի...

Շվեյցարիայի և Մոնակոյի Կարմիր խաչերի ներկայացուցիչները ՀԿԽԸ-ում

23.02.2015
Շվեյցարիայի և Մոնակոյի Կարմիր խաչերի ներկայացուցիչները ՀԿԽԸ-ում

Փետրվարի 23-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, կազմակերպության Գլխավոր գրասենյակում, հանդիպեց Շվեյցարիայի և Մոնակոյի Կարմիր խաչերի ներկայացուցիչներին` ՇԿԽ ծրագրերի ղեկավար և առողջապահության հարցերով փորձագետ Քրիստինե Ռութչմանին, ՇԿԽ խորհրդական Սուսանա Իգլոֆին, Մոնակոյի Կարմիր խաչի ներկայացուցիչ Աննե Դենզիգերին և փորձագետ - համակարգող Լենա Կռիլովային:

Այցի նպատակն էր քննարկել ու պլանավորել Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ ապագա  համագործակցությունը՝ սոցիալական աջակցության և առողջապահության ոլորտներում: 

Ողջունելով հյուրերին, Գլխավոր քարտուղար Ա. Եղիազարյանը նշեց, որ շատ կարևորում է համագործակցությունը Շվեյցարիայի և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ.

Մեր այսօրվա հանդիպումը, որը նախորդ` գնահատման փուլի արդյունքներով է պայմանավորված, հնարավորություն կտա նախանշելու սոցիալական աջակցության և առողջապահության ոլորտների այն ուղղությունները, որով աշխատելու ենք, մասնավորապես` տարեցների տնային խնամքը և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը:

Այս այցելությունը թույլ կտա, որպեսզի սկիզբ դնենք մեր երկարատև համագործակցությանը` մեր ջանքերն ուղղելու վերը նշված ոլորտներում արդյունավետ համակարգի ներդրմանն ու հետագա զարգացմանը:

ՇԿԽ ծրագրերի ղեկավար և առողջապահության հարցերով փորձագետ Քրիստինե Ռութչմանը ևս, ընդգծելով նման համակարգի անհրաժեշտությունը, ասաց.

-   Մեր համագործակցության շրջանակներում նախատեսում ենք նաև Ձեզ հետ կիսել այն Ազգային ընկերությունների փորձը, որոնց հետ արդեն աշխատում ենք: 

ՀԿԽԸ Գլխավոր քարտուղարի հետ քննարկմանը հաջորդեց աշխատանքային հանդիպումը ՀԿԽԸ անձնակազմի հետ:

ՇԿԽ ծրագրերի ղեկավար և առողջապահության հարցերով փորձագետ Քրիստինե Ռութսչմանը ներկայացրեց Շվեյցարիայի Կարմիր խաչի միջազգային համագործակցության առաջնահերթություններն ու մոտեցումները, ինչպես նաև՝ Առողջության համար համայնքային գործողությունների միջոցով առողջական վիճակի, առողջ ապրելակերպի և բարօրության բարելավման տարածաշրջանային փորձը: Տիկին Ռութչմանը ծանոթացրեց նաև ոչ վարակիչ հիվանդությունների հետ պայքարի հայեցակարգին, անդրադարձ կատարեց Օտտավայի կանոնադրությանը:

Ամբողջ աշխարհում մահացության ամենաշատ դեպքերը գրանցվում են ոչ վարակիչ  ամենատարածված չորս հիվանդությունների պատճառով: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների, սրտանոթային հիվանդություններից տարեկան մահանում է 17.5 մլն մարդ, քաղցկեղից՝  6.2 մլն, շնչառական հիվանդություննրից՝  4 մլն, և շաքարային դիաբետից՝ 1.5 մլն մարդ:

ՀԿԽԸ Առողջապահության բաժնի վարիչ Լուսինե Քոչարյանը ներկայացրեց ոչ վարակիչ հիվանդությունների և դրանց դեմ պայքարի վիճակագրությունը Հայաստանում:

Այնուհետև, աշխատանքային հանդիպման մասնակիցներն իրականացրեցին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ոլորտում գործողությունների, առողջ ապրելակերպի և առողջապահության վերաբերյալ հանրային իրազեկվածության և համայնքային ներգրավվածության բարձրացման կարիքների գնահատում՝ դիտարկելով դրանք ՀԿԽԸ կարողությունների և հնարավորությունների տեսանկյունից:

Այս շաբաթվա ընթացքում Շվեյցարիայի և Մոնակոյի Կարմիր խաչերի ներկայացուցիչները կլինեն նաև ՀԿԽԸ Լոռու և Շիրակի մարզային մասնաճյուղերում, կհանդիպեն դրանց նախագահների, կամավորների և սոց. քույրերի հետ, կայցելեն նաև շահառուներին:

Այդ հանդիպումները կօգնեն տեղում  ծանոթանալու սոցիալ-առողջապահության ոլորտում իրականացվող աշխատանքներին, առավել հստակ գնահատելու իրավիճակը՝  հետագա ծրագրերը պլանավորելու համար: