Նորություններ
Մեկնարկեց «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝...

Մեկնարկեց «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման» ծրագիրը

03.08.2018
Մեկնարկեց «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման» ծրագիրը

- Ես Անահիտն եմ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից՝ Երիտասարդական ակումբի պատասխանատուն։ Ես ավելի քան վստահ եմ, որ ուժն ու հաջողությունը միասնականության և հանդուրժողականության մեջ է։ Այդ իսկ պատճառով վստահ եմ, որ մեր նոր կայացող ակումբը կնպաստի կդառնա երիտասարդների ձեռներեցության հմտությունների ձևավորմանը և քաղաքում տուրիզմի զարգացմանը։ Ինչպես Հայաստանի այլ քաղաքներում, Սևանում բնակվող երիտասարներն էլ ունեն շատ խնդիրներ։ Այս ծրագիրը մեր քաղաքի երիտասարդների կտա այնպիսի հնարավորություն, որ մենք՝ երիտասարդներս, կարողանանք փոխել այն ամենը, ինչից այսքան ժամանակ բողոքել ենք, այն ինչը խանգարել է մեզ ապրել առավել բարեկեցիկ։ Մեր քաղաքից այս ծրագիրն անհրաժեշտ է, այն հնարավորություն կտա հասկանալ, թե մեր քաղաքի երիտասարդներն ինչ կարիքներ ունեն, և ըստ այդմ կփորձենք նրանց օգնել։

Անահիտը, Գայանեն, Մերին ու Սոֆին  Հայկական Կարմիր խաչի ընկերության Սևանի, Դիլիջանի, Իջևանի ու Գավառի կամավորներ են, որոնք ներգավված են «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման» ծրագրում և առաջնորդելու են իրենց քաղաքների Երիտասարդական ակումբները։

Օգոստոսի 2-ին նրանք Երևանում էին՝ ներկայացնելու ծրագրի համատեքստում երիտասարդության զարգացման տեսլականները։ Այդ օրը Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանը, Դանիական Կարմիր խաչի տարածաշրջանային համակարգող Մադս Օստերգաարդը և Սպորտի և երիտասարդության նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանն ազդարարեցին ծրագրի մեկնարկը։

Մեկնարկի միջոցառմանն իր ողջույնի խոսքում Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը նշեց․

- Այսօր այս դահլիճում մենք տեսնում ենք երիտասարդների, որոնք մեր Շարժման մեջ մեծ դերակատարություն ունեն։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կամավորներին՝ մեր բոլոր գործընթացներում ակտիվ ներգրավվածության և աջակցության համար։ Այս ծրագիրն ուղղված է հենց երիտասարդներին, որոնք մեր ապագան են, հատկապես մարզերում ապրող սահմանափակ հնարավորություններ ունեցող երիտասարդներին, որպեսզի փոքր ինչ ոչ համարձակ երիտասարդներին վստահության ուղու վրա դնենք, որ նրանք էլ իրենց ներդրում ունենան հասարակական կյանքի առողջ կազմակերպման գործում։ Վստահ եմ, որ երեք տարի անց՝  ծրագրի ավարտին կունենանք այն կարող ուժը, որն էլ ավելի կնպաստի մեր գործընթացներն առաջ տանելուն։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական կազմակերպություն է, և ամենամեծ կամավորական ներուժ ունեցող կազմակերպությունն է, և մեզ համար շատ կարևոր է երիտասարդներին ուղղված ծրագրերի իրականացումը։

«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման» ծրագիրն իրականացվելու է մինչև 2021թ. և ներառելու է սահմանափակ հնարավորություններով 16-30 տարեկան 4000 երիտասարդների Գեղարքունիքի և Տավուշի մարզերում` այդ թվում նաև հաշվարկային տվյալներով խոցելի 300 երիտասարդի, ովքեր իրենց վրա կրում են զինված հակամարտության և արտագնա աշխատանքի բացասական հետևանքները:

Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի խոսքով` «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանման» ծրագիրը Կառավարության որդեգրած քաղաքականության գաղափարակիրն է:

- Կառավարության համար մարզերի համաչափ զարգացումն առաջնահերթություն է, և այս ծրագիրն անչափ գնահատելի է հատկապես երիտասարդների կարողությունների զարգացման տեսանկյունից: Մեր  նախարարությունը պատրաստ է համագործակցության ու ներդրում ունենալու այս ծրագրի մեջ,- նշեց նախարարի տեղակալը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աճեմյանի խոսքով․

- Վաղվա օրը հնարավոր է լավը դարձնել միայն դրան հավատալու միջոցով: Քանի որ ծրագրի մասնակիցները երիտասարդներ են, նրանք պետք է փորձեն, համարձակ քայլերի դիմեն, հավատան իրենց ուժերին: Հնարավորությունները շատ են, ծրագրերն էլ են շատ, բայց նրանք պետք է պատրաստակամ լինեն` օգտվելու դրանցից:

«ԵՄ-ն հանուն երիտասարդության» կարգախոսի ներքո իրագործվող ծրագիրն իրականացվում է Հայկական, Բելառուսական և Վրացական Կարմիր խաչի ընկերությունների կողմից` Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ և Կոնեկտիո կազմակերպության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու ունակությունները: Ծրագիրը կնպաստի նաև կարողությունների զարգացման գործընթացին` ընդգրկելով Կարմիր խաչի 100 կամավորի, գործընկերների և պետական հաստատությունների կրթական և աշխատանքի բաժինների ներկայացուցիչների, ՀԿ-ների և մասնավոր սեկտորի 70 ներկայացուցչի: