Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀՀ 5 մարզերի 10 համայնքների երեխաներ կունենան իրենց Ժպիտների ակումբը [uri] => /news/smiley-clubs-in-10-communities.html [id] => 495 ) 1
ՀՀ 5 մարզերի 10 համայնքների երեխաներ կունենան...

ՀՀ 5 մարզերի 10 համայնքների երեխաներ կունենան իրենց Ժպիտների ակումբը

13.08.2021
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
ՀՀ 5 մարզերի 10 համայնքների երեխաներ կունենան իրենց Ժպիտների ակումբը

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ շարունակելով արձագանքել Ղարաբաղյան  հակամարտության սրացմանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, հուլիս ամսին մեկնարկեց «Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ դպրոցների աշակերտների և Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված երեխաների համար» ծրագիրը: Այն իրականացվում է 5 մարզերի 10 համայնքներում, որոնցից  5-ը՝ սահմանամերձ են, 5-ը՝ տեղահանված երեխաներին հյուրընկալած համայնքներ: Սահմանամերձ համայնքներից ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի Մեծ Մասրիկ և Վարդենիս, Սյունիքի Տեղ, Գեղանուշ համայնքները և Սյունիք գյուղը: Տեղահանված երեխաներին հյուրընկալած ևս 5 համայնք՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի մազերում են, որովհետև երեխաների տեղաբաշխումն այս 3 մարզերում առավել շատ էր: Ներառված է նաև Երևանը։ Ծրագրում ընդգրկվել է 7-13 տարեկան 500 երեխա, յուրաքանչյուր համայնքից՝ 50-ը:

Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով: Առաջինը դասապատրաստումն է, որից հետո խաղեր են խաղալու, մուլտֆիլմեր են դիտելու, զրույցներ են անելու, նկարչություն, երգ, պար ու այլ տարբեր խմբակներ են կազմակերպելու:

Երկրորդը՝ երեխաների կայուն զարգացումն է: Այստեղ կիրառվում է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի և Save the Children կազմակերպության կողմից հատուկ մշակված մեթոդաբանությունը, այնպես որ  երեխաները  20 տարբեր թեմատիկ դասերի ընթացքում կարողանան քայլ առ քայլ հաղթահարել սթրեսը և ինտեգրվել նոր միջավայրում:

Համայնքներում մեծ ոգևորությամբ են ընդունել ծրագիրը, հատկապես դասապատրաստման բաղադրիչն անգնահատելի է ծնողների համար:

 

 - Երեխաների կայուն զարգացման ծրագիրը մենք իրականացնում ենք արդեն 7-8 տարի, - ասում է ՀԿԽԸ Երիտասարդական և կամավորության բաժնի վարիչ և ծրագրի համակարգող   Կատարինա Վարդանյանը: - Մենք սկսել ենք Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ սիրիահայ երեխաների հետ: Սա կոնֆլիկտ վերապրած երեխաների հոգեբանական աջակցությանը,   ինտեգրմանն ուղղված ծրագիր է:

 ՀԿԽԸ-ն սերտորեն համագործակցում է համայնքների և դպրոցների հետ՝ փնտրելու և գտնելու այն դպրոցը, որտեղ ավելի շատ են հակամարտության հետևանքով տեղահանված երեխաները: Տիկին   Վարդանյանն այցելել է բոլոր 10 համայնքներ՝ կարիքների գնահատման, դասերի համար համապատասխան տարածքների ընտրության, իրավիճակի հետ ծանոթանալու և ծրագրին ճիշտ   շեշտադրումներ տալու համար: 

  - Համայնքային դպրոցներում տրամադրվել են դասասենյակներ, որոնք դարձնելու ենք ապահով տարածքներ, այսպես կոչված safe space, կահավորելու ենք ավելի երեխայակենտրոն,   հետաքրքիր, դպրոցի դասասենյակից տարբերվող ձևով ու գույներով, որպեսզի երեխաների համար գրավիչ լինեն, նրանց ժպիտ պարգևեն - շեշտում է տիկին Վարդանյանը:

 Յուրաքանչյուր համայնքից ներգրավվել են 10 կամավոր և մեկ առաջնորդ: Հավաքագրվել են նաև դպրոցների ուսուցիչներ, ովքեր ցանկություն ունեն կամավորական սկզբունքով ընդգրկվել   ծրագրում: Նրանք կուղղորդեն, որպեսզի դասապատրաստման ընթացքում որևէ խնդիր չառաջանա:

 - Թեև ծրագրի ռեսուրսները սահմանափակ են, բայց եթե տեղում ունենանք մարդիկ, պատրաստված կամավորներ, կահավորված դասասենյակներ և նյութեր, շարունակականությունն   ապահովելը շատ ավելի հեշտ կլինի: Մենք մեզ համար բարձր նշաձողեր ենք դնում և փորձում ենք հասնել դրանց: Ուզում ենք երեխաներին հնարավորինս շատ աջակցել, - վերջում  ավելացնում է   Վարդանյանը, - երիտասարդին ու երեխային պետք է կրթենք, դրանից է սկսվում տնտեսությունը, սոցիալական բարեկեցությունը, առողջապահության մակարդակը և մնացած ամեն բան:

 

 Ծրագիրն իրականացվելու է  մինչև դեկտեմբեր:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ