Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ժպիտների ակումբն ապահովում է կրթվելու անվտանգ ու խաղային միջավայր տեղահանված երեխաների համար [uri] => /news/smiley-club-in-hrazdan.html [id] => 506 ) 1
Ժպիտների ակումբն ապահովում է կրթվելու անվտանգ...

Ժպիտների ակումբն ապահովում է կրթվելու անվտանգ ու խաղային միջավայր տեղահանված երեխաների համար

15.02.2022
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ժպիտների ակումբն ապահովում է կրթվելու անվտանգ ու խաղային միջավայր տեղահանված երեխաների համար

Հակամարտություններն անջնջելի հետք են թողնում երեխաների կյանքում, փոխում են նրանց ճակատագիրը: Իսկ հաճախ դրանց բացասական ազդեցությունը պահպանվում է հակամարտության ավարտից տևական ժամանակ անց:

Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, տեղահանվել է ավելի քան 90,000 անձ, որոնց մեծ մասը՝ կանայք ու երեխաներ:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ շարունակելով արձագանքել Ղարաբաղյան  հակամարտության սրացմանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ, 2021թ. հուլիս ամսից մեկնարկել է «Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ դպրոցների աշակերտների և Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված երեխաների համար» ծրագիրը: Այն իրականացվում է 5 մարզերի 10 համայնքներում, որոնցից  5-ը՝ սահմանամերձ են, 5-ը՝ տեղահանված երեխաներին հյուրընկալած համայնքներ: Սահմանամերձ համայնքներից ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի Մեծ Մասրիկ և Վարդենիս, Սյունիքի Տեղ, Գեղանուշ համայնքները և Սյունիք գյուղը: Տեղահանված երեխաներին հյուրընկալած ևս 5 համայնք՝ Արարատի, Արմավիրի, Կոտայքի մազերում են: Ծրագրում ընդգրկվել է 7-13 տարեկան 500 երեխա, յուրաքանչյուր համայնքից՝ 50-ը:

10-ամյա Մելինեն հակամարտության սրացման հետևանքով ընտանիքի հետ հեռացել է հայրենի Շահումյան գյուղից և հաստատվել Հրազդան քաղաքում: Հաճախում է Վ. Սարյանի անվան թ. 11 հիմնական դպրոց: Դասերից հետո գալիս է Ժպիտների ակումբ՝ դասերը պատրաստելու և հասակակիցների հետ խաղալու:

-          Այստեղ լավ է, ուրախ է անցնում: Սիրում եմ հատկապես դասապատրաստումը, հատկապես՝ մաթեմատիկան: Բայց կարոտել եմ Շահումյանը, ուզում եմ վերադառնալ մեր տուն:

Առաջնորդ կամավոր Ռոզի Հարությունյանի խոսքով բացի դասապատրաստումից անցկացնում են նաև խմբակներ, սոցիալական միջոցառումներ և, իհարկե՝ երեխաների կայուն զարգացման բաղադրիչը: Նախապես վերապատրաստված երկու կամավոր ուրբաթ օրերին հատուկ մշակված մեթոդաբանությամբ երեխաներին օգնում է հաղթահարել սթրեսը:

6 տարեկան Արսենը, որ խմբակի ամենափոքրիկն է, առաջին դասարանում է սովորում:  Ասում է այստեղ լավ է, բայց Ստեփանակերտ է ուզում՝ իրենց տունը, բակը, ընկերներին:

10-ամյա Դավիթն ասում է, որ իր համար դժվար է ամեն օր ոտքով Վահագնի թաղամասից այստեղ հասնելը, մանավանդ, որ կարողանում է դասերն ինքնուրույն անել, բայց գալիս է, որովհետև խաղերը հետաքրքիր են ու ժամանակը լավ է անցնում:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Երեխաների կայուն զարգացում մոդելի միջոցով նրանց օգնում է հաղթահարել դժվարություններն ու հարմարվել նոր միջավայրին, ինչպես նաև կրթվել ապահով միջավայրում:

Այս խմբակի երեխաների թիվը սովորաբար 14-15 է: Հանդիպում են շաբաթը 5 օր, 14:30-18:00: Ամեն օր երեխաներին օգնում է 2 կամավոր, ըստ դասացուցակի դասերն են պատրաստում, ապա՝ խաղեր խաղում: 2 սոցիալական միջոցառում են կազմակերպել՝ ճանաչողական այց Գառնի-Գեղարդ և Ամանորյա դիմակահանդես: Ազգային բոլոր տոները, թեպետ փոքր միջոցառումների տեսքով, բայց նշվում են, որոնց մասնակից են լինում նաև ծնողները:  

 

9 տարեկան Հայկն ամենից շատ հենց միջոցառումներն է սիրում:

-          Դաս անել այդքան էլ չեմ սիրում, բայց լավ է, որ օգնում են: Ռուսերենից եմ մի քիչ  նեղվում, բայց այդ հարցը լուծվում է դասապատրաստման ժամանակ, - ասում է Հայկը:

 

12 - ամյա Մարինեն ևս սիրով է հաճախում Ժպիտների ակումբ՝ և՛ խաղում է, և՛ դասերն է պատրաստում: Ինքն էլ անգլերենից է նեղվում, բայց աղջիկներն այս հարցում էլ են պատրաստված:

Այս երեխաներն իրենց կամքին հակառակ ստիպված են եղել լքել տունը, դպրոցը, բակը, ընկերներին, ոմանք հարազատներ են կորցրել:  Նրանց պարտադրվել է ապրել նոր կյանքով՝ անսովոր միջավայրում: Նրանք ուզում են կրթվել, խաղալ, ապրել ապահով:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները նրանց կողքին են՝ օգնելու հնարավորինս հաղթահարել դժվարություններն ու սթրեսները:

 

Նյութը և լուսանկարները՝ Մանյա Իսրայելյանի 

 

 

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ