Նորություններ
Նոր կամավորները ծանոթացան Կարմիր խաչին

Նոր կամավորները ծանոթացան Կարմիր խաչին

30.08.2018
Նոր կամավորները ծանոթացան Կարմիր խաչին

Օգոստոսի 29-ին Երեւանի «Օպերա Սյուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայկական կարմիր խաչի ընկերության լուսաբանման եւ կողմնորոշման սեմինարը, որը վարեց ՀԿԽԸ Երիտասարդության զարգացման համակարգող Նազելի Կիրակոսյանը: Սեմինարին մասնակցեց ՀԿԽԸ շարքերը վերջերս համալրած ավելի քան 20 կամավոր:

Անմիջական մթնոլորտում կամավորները ծանոթացար իրար հետ, այնուհետեւ կամավորներին ներկայացվեց Կարմիր խաչի միջազգային շարժման պատմությունը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ֆեդերացիայի տարբերություններն ու ընդհանրությունները, Հայկական կարմիր խաչի անցած ուղին, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաեւ կամավորության էությունն ու տեսակները:

- Կարմիր խաչն իմ տեսանկյունից ֆիլտր է, քանի որ մարտահրավերները բազմաթիվ են, պարտավորություններն աստիճանաբար ընդլայնվում են, ուստի ոչ բոլորն են ստանձնում կամավոր լինելու առաքելությունը,- իր խոսքում ընդգծեց Նազելին եւ ապա շարունակեց, - Կարմիր խաչի գրավչությունն իրականացվող ծրագրերի բազմազանության մեջ է. ունենք ծրագրեր սիրիահայերի համար, ուսանողների, երիտասարդների, նույնիսկ առանձին մասնագիտությունների, ինչպես օրինակ, հոգեբանների համար: Թեպետ դուք կարող եք հանդես գալ նաեւ սեփական նախաձեռնություններով, օրինակ՝ «Ռեդի» ՍՔԱՅ ոչ ֆորմալ կրթության ակումբը, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում կամավորներից մեկի, ով ժամանակին մեր շահառուն է եղել, նախաձեռնած մանկական ճամբարը եւ այլն:

Նոր կամավորներից Ռոզա Սարգսյանը ՀԿԽԸ-ին միանալու ցանկություն ունեցել է 2017թ. դեկտեմբերին Հյուսիսային պողոտայում «Հույսի տնակ» բարեգործական արշավի ժամանակ.

- Տնակում թողեցի կոնտակտային տվյալներս՝ առաջարկելով իբրեւ մասնագետ հոգեբանի իմ աջակցությունը: Երկար չսպասելով, որ ինձ զանգահարեն՝ սեփական նախաձեռնությամբ միացա Խաչի աշխատանքներին:

Մեկ այլ նոր կամավոր էլ՝ Ռենեն, Կարմիր խաչի մասին իմացել է ընկերներից, որոնք իրեն հասցրել են պատմել մարդասիրական բոլոր միջոցառումների մասին.

- Ուզում եմ օգնել մարդկանց, լուսանկարչություն գիտեմ, բայց կարող եմ անել այն ամենը, ինչով ի զորու կլինեմ օգտակար լինել:

 

Վահե Սալահյան

ՀԿԽԸ կամավոր