Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը օգնություն...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից տուժածներին

31.07.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից տուժածներին

Հուլիսի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը հանդիպեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ՝ քննարկելու հուլիսի 13-ի կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու ՀԿԽԸ ծրագիրը։

-          Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Շիրակի մարզում արդեն երկար տարիներ է, ինչ իրականացնում է բազմաբնույթ ծրագրեր՝ աջակցելով միայնակ առավել խոցելի տարեցներին, երեխաներին ու երիտասարդներին, անհայտ կորածների ընտանիքներին, անապահով ընտանիքներին, խոցելի համայնքներին, տուբերկուլյոզով հիվանդներին։ Այսօր էլ, որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմել ենք Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացել դրական արձագանք, - ասաց ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։

Քաղաքապետ Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց մարզում և Գյումրիում ՀԿԽԸ երկար տարիների գործունեության համար։

-          Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից այս օգնությունը շատ տեղին է ու ժամանակին։ Շնորհակալ ենք արձագանքելու և տուժած բնակչության կողքին լինելու համար - ասաց նա։

Վերջին 170 տարվա ընթացքում տեղացած աննախադեպ կարկուտից  հետո Գյումրու քաղաքապետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝  հայտնաբերելու առավել խոցելի ընտանիքներին։ ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում և ցուցակների վերջնական ճշգրտում կիրականացնի Գյումրու քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։ 

 

Հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 600 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 2670 մարդ, մասնավորապես՝ Գյումրիի տնակային թաղամասում բնակվող և այլ տուժած ընտանիքներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցություն և անկողնային պարագաներ (400 ընտանիք՝ 1800 անձ), հագուստ և կոշիկ ձեռք բերելու վաուչերներ (200 ընտանիք՝ 870 անձ)։  Յուրաքանչյուր անձի կտրամադրվի 49 696 ՀՀ դրամին համարժեք աջակցություն  (ընդհանուր առմամբ՝  132 688 587 ՀՀ դրամ)։