Նորություններ
Երբ դպրոցը թիրախ է

Երբ դպրոցը թիրախ է

18.05.2018
Երբ դպրոցը թիրախ է

Մեր դպրոցը թիրախ է, ամեն պահի էլ կարող են կրակոցներ լինել, - ասում է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանը՝ ցույց տալով դպրոցի պատին կրակոցների հետքերն ու աղյուսներով կիսով չափ փակված պատուհանները, - ամեն ինչ անում ենք, որ որքան հնարավոր է պաշտպանենք երեխաներին կրակոցներից ու բեկորներից։

Համայնքը Ադրբեջանի հետ 18 կմ սահման ունի, նախկինում տարեկան 2000 տոննա խաղող մթերող Վազաշենում հիմա ոչ մի վազ չի աճում՝ այգիների 30-40 տոկոսը մնացել է շփման գծի մյուս կողմում, ոռոգման ջուր չկա, պոմպերը վաղուց չեն աշխատում։ 870 բնակիչ ունեցող համայնքի եկամտի աղբյուրը տնամերձերն են ու արտերկրից համագյուղացիների օգնությունը։ Դպրոցն էլ նախկին 376 աշակերտի փոխարեն հիմա ընդամենը 68-ն ունի։

Այդ երեխաների համար է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ համայնքապետարանի հարևանությամբ պաշտպանիչ պատ ու խաղահրապարակ է կառուցել, որպեսզի խաղալիս նրանք պաշտպանված լինեն կրակոցներից։

Վազաշենը միակ համայնքը չէ՝ նպատակ ունենալով ապահովել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակչության, հատկապես երեխաների անվտանգությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Գերմանական Կարմիր խաչի աջակցությամբ անվտանգ տարածքներ, խաղահրապարակներ ու պաշտպանիչ պատեր է կառուցել նաև Բերդավան, Վազաշեն, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Մովսես և Պառավաքար համայնքներում։

Բերդավան համայնքում վերանորոգվել է նաև դպրոցի մարզադահլիճը, իսկ մանկապարտեզում կառուցվում է ապահով սենյակ, որտեղ հնարավոր կլինի պատսպարվել ռմբակոծության դեպքում։

- Մեր դպրոցի դիրքն արդեն այնպիսին է, որ պաշտպանիչ դեր ունի՝ կրակոցների ու ռմբակոծությունների ժամանակ կարելի է պատսպարվել շենքի հետևում, - ասում է Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանը, - դրա համար էլ դրա մոտ կառուցվեց խաղահրապարակը, որտեղ երեխաները կարող են ապահով խաղալ։