Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լոռու...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լոռու մարզում հիմնել է Կլիմայի փոփոխության ադապտացիոն թրեյնինգ կենտրոն

16.09.2019
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լոռու մարզում հիմնել է Կլիմայի փոփոխության ադապտացիոն թրեյնինգ կենտրոն

-  Անտառը ամենակատարյալ ինքնավերականգնվող էկոմիջավայրն է, և մենք պետք է ամեն գնով պահպանենք այդ հարստությունը, - ասում է անտառագետ Գագիկ Ամիրյանը։ 

Արդեն երեք տարի է ինչ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Լոռու մարզային մասնաճյուղի հենքի վրա գործում է Կլիմայի փոփոխության ադապտացիոն թրեյնինգ կենտրոն, որի փորձագետներից է նաև պարոն Ամիրյանը։

 Կենտրոնի նպատակն է աջակցել ազգային և տեղական իշխանություններին, ֆերմերներին, ուսանողներին և խոցելի խմբերին` հաղթահարելու կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերները՝ թրեյնինգների, խորհրդատվության, քարոզչության և ադապտացիոն միջոցառումների կազմակերպման միջոցով:

Կենտրոնը ստեղծվել է Ավստրիական Կարմիր խաչի, Ավստրիական զարգացման գործակալության և Շվեյցարական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ՝ որպես «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի ենթածրագիր:

Ներկայացնելով կենտրոնի գործունեությունը՝ ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն Վլադիմիր Ղարաջյանը, նշում է, որ մասնաճյուղը կլիմայի փոփոխության արձագանքող գործողությունների փորձ ունի դեռևս 1995 թվականից, երբ Վանաձորի շրջակայքում ՀԿԽԸ ջանքերով 6 տարվա ընթացքում մոտ 400 հա անտառ է վերականգնվել։ Մինչ այդ 90-ականների սկզբներին ծավալուն անտառահատումների պատճառով Վանաձորում հաճախակի էին դարձել, հորդառատ անձրևներն ու սելավները։

 

-   Թրեյնինգ կենտրոնի կողմից  իրականացվել են տարաբնույթ դասախոսություններ՝ տարբեր համալսարանների և հարակից բաժինների ուսանողների համար, ինչպես նաև դաշտային դասախոսություններ, ուր մասնակիցները կարողացել են գործնականում ամրապնդել տեսական գիտելիքները՝ այցելելով ձեռակերտ անտառներ, արգելավայրեր, - պատմում է Վ․ Ղարաջյանը։

 

Լոռու մարզի ութ գյուղական համայնքներում, յուրաքանչյուր համայնքում՝ 20 ֆերմերների համար անցկացվել են «Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը» թեմայով դասընթացներ:

Դասախոսությունների, կլոր սեղանների ընթացքում թրեյնինգ-կենտրոնի մասնագետները՝ կենսաբաններ, անտառագետներ, գյուղատնտեսներ, վերականգնվող էներգիայի փորձագետներ, ներկայացնում են կլիմայի փոփոխության պատճառներն ու դրա հետևանքով առաջացած տարբեր խնդիրները, համաշխարհային պրակտիկայում արդեն կիրառվող լուծումները: Դասախոսությունները ոչ միայն բարձրացնում են իրազեկվածության մակարդակը, այլև  հնարավորություն են տալիս մասնագետներին գործնական խորհուրդներ տալ:

Մեր կարևոր ձեռքբերումներից է Վանաձոր քաղաքի խոցելիության և կարիքների գնահատումը, որի արդյունքում ունենք Վանաձորի խոցելիության քարտեղ, ըստ որի էլ առաջարկներ ենք արել քաղաքային իշխանություններին, թե ինչ կարելի է անել՝ կլիմայի փոփոխության հետևանքները մեղմելու համար։

Բացի այդ, նույն նպատակով մարզում իրականացվել են մի շարք միկրոծրագրեր։ Վանաձոր, Օձուն համայնքներում նորացվել է փողոցային լուսավորությունը LED լամպերով: Դրա արդյունքում մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է խնայվում, բացի դա, կրճատվում են ածխաթթու գազի արտանետումները: 30 LED լամպ տեղադրվել է Օձունում, 80-ը՝ Վանաձորում: Ադապտացիոն կենտրոնի տանիքին տեղադրվել են արևային պանելներ, ֆոտովոլտային կայան, որը յոթ կիլովատ հզորություն ունի: Մարգահովիտ գյուղում իրականացվել է խմելու ջրագծի վերակառուցման ծրագիրը, իսկ Դարպաս համայնքում վերակառուցվել է սելավատարը:

Գյուղատնտեսության փորձագետ Դավիթ Ամիրյանը նշում է, որ, եթե մինչև հիմա գյուղացիները չէին հավատում, որ Կլիմայի փոփոխությունն իրականություն է, ապա այս տարի արդեն գործնականում համոզվեցին,

-    Անձրևներն այս տարի իրենց ժամանակին չեկան, այդ պատճառով էլ խոտ չկա անասուններին կերակրելու համար, արդեն մորթ է սկսվել։ Իսկ օրինակ, մի համայնքում, մեր խորդհուրդներին հետևելու շնորհիվ 80 տոկոսով ավելի ցորեն ստացան։ Այնպես որ, միանշանակ է՝ ապագան ինտելեկտուալ գյուղատնտեսությանն է։