Նորություններ
Ինչպես պաշտպանվել ականներից և պայթուցիկ...

Ինչպես պաշտպանվել ականներից և պայթուցիկ նյութերից․ իրազեկում դպրոցականների և ուսուցիչների համար

09.03.2021
Ինչպես պաշտպանվել ականներից և պայթուցիկ նյութերից․ իրազեկում դպրոցականների և ուսուցիչների համար

Զինված հակամարտությունների թեժ փուլի ավարտից հետո էլ ռազմաճակատի հարևանությամբ, սահմանամերձ համայնքներում ապրոող բնակչությունը երկար տարիներ շարունակում է տառապել դրա հետևանքներից։

Գյուղատնտեսական աշխատանքների, զբոսանքի, ճամփորդության ժամանակ մարդիկ վնասվում կամ զոհվում են ականների կամ պայթուցիկ մնացորդների պատճառով։

ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի 109 դպրոցների ավելի քան 280 ուսուցիչներ և աշխատակիցներ անցած մի քանի ամիսների ընթացքում մասնակցեցին հակաականային գործողությունների, ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների տեսակների վերաբերյալ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կազմակերպված դասընթացներին։ Մասնակիցները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ ստացան ականներից և պատերազմի պայթուցիկ մնացորդներից պաշտպանվելու մասին, այլև ծանոթացան իրազեկման և տեղեկատվական միջոցառումներ իրականացնելու գործիքներին և մեթոդներին, ստացան համապատասխան մասնագիտական ուղեցույցներ։

Այնուհետև վերապատրաստված ուսուցիչները և ՀԿԽԸ կամավորները տեղեկատվական դասընթացներ կազմակերպեցին շահառու բոլոր 109 դպրոցների աշակերտների մասնակցությամբ՝ հատուկ շեշտադրում կատարելով բոլոր պայթուցիկ զինամթերքի վտանգի վերաբերյալ հստակ և մանրակրկիտ իրազեկման, ինչպես նաև դրանց ազդեցության և դժբախտ պատահարների թվի նվազեցմանն ուղղված առավել անվտանգ վարքագծային փոփոխությունների ձևավորման վրա:

ՀՀ-ում հաստատված ռազմական դրության շրջանակներում ընթացող գործընթացների համատեքստում աշակերտների և երիտասարդների շրջանում ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածությունը և անվտանգ վարքագծային կանոնների ձևավորումն էլ ավելի արդիական է դարձել։

«Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվում է Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի հետ համագործակցությամբ և ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալության ֆինանասավորմամբ։