Նորություններ
Ամառային դպրոց փախստական և տեղացի...

Ամառային դպրոց փախստական և տեղացի երիտասարդների համար

19.07.2018
Ամառային դպրոց փախստական և տեղացի երիտասարդների համար

- Կարմիր խաչի կողմից կազմակերպված յուրաքանչյուր դասընթաց միշտ առանձնահատուկ նշանակություն է ունեցել իմ կյանքում: Այս մեկն էլ նոր հնարավորություն տվեց իմ շրջապատում տեղի ունեցող երևույթներին նայելու այլ տեսանկյունից և կոտրելու իմ և շրջապատիս կարծրատիպերը՝ բռնության վերաբերյալ,- պատմում է դասընթացի մասնակից 20-ամյա Անահիտը (անունը փոխված է):

Մեկ այլ մասնակից էլ կարևորեց դասընթացի հետազոտական մասը, երբ սեփական փորձով վեր հանեցին հասարակության մեջ առկա գենդերային դիրքորոշումները:

Հուլիսի 16-18-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ստեփանավանում կազմակերպել էր «Գենդերային հավասարությունը և բռնությունների կանխարգելումը որպես կայուն զարգացման նախադրյալ» թեմայով ամառային դպրոց՝ փախստական և տեղացի երիտասարդների համար: Նպատակն էր բարձրացնել երիտասարդների գիտելիքների մակարդակը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և սեռով ու գենդերով պայմանավորված բռնությունների վերաբերյալ, ինչպես նաև՝ երիտասարդների համար նոր փորձ ձեռք բերելու հնարավորություն ստեղծել:

Դասընթացի ընթացքում ինտերակտիվ մեթոցների միջոցով ներկայացվեցին սեռով և գենդերով պայմանավորված բռնության հիմնախնդիրներն աշխարհում և մասնավորապես՝ Հայաստանում, գենդերային հավասարության կարևորությունը՝ որպես կայուն զարգացման նախադրյալ, ինչպես նաև վերարտադրողական առողջության և թրաֆիքինգի վերաբերվող թեմաներ:

Դասընթացի սկզբում և ավարտին մասնակիցների հետ անցկացվեց նաև գենդերային դիրքորոշումների բացահայտմանն ուղղված թեստ: Թեստի արդյունքում պարզ դարձավ, որ մասնակիցների մեծամասնությունը կանանց բնութագրում է որպես կենցաղային գործեր անող, իսկ տղամարդկանց՝ որպես տան եկամուտ ապահովող: Դասընթացի ավարտին մասնակիցները կնոջը և տղամարդուն նկարագրեցին արդեն որպես հավասար իրավունքներ և պարտականություններ կրողների:

 Ամառային դպրոցի շրջանակներում մասնակիցները Ստեփանավան քաղաքում իրականացրեցին նաև սոցիալական հարցում՝ ուղղված գենդերային դիրքորոշումների բացահայտմանը: Հարցվողների մեծամասնությունը, թեև պատասխանում էր, որ կինն ու տղամարդն ունեն հավասար իրավունքներ, և բռնությունը կանանց նկատմամբ անընդունելի է, սակայն, այն հարցին, թե արդյո՞ք մի ապտակը բռնություն է, մեծամասնությունը պատասխանում էր՝ ոչ, որն էլ վկայում էր նրանց գենդերային դիրքորոշումների մասին:

Դասընթացի ավարտին մասնակիցները ներկայացրեցին «Ես՝ ամառային դպրոցից առաջ և հետո» խորագրով սիրողական ֆիլմեր՝ ամառային դպրոցի վերաբերյալ:

Ամառային դպրոցի վերջում մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ և խրախուսական հուշանվերներ: