Նորություններ
Մեկնարկեց «Սիրիահայերի և տեղացիների...

Մեկնարկեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիրը

18.07.2018
Մեկնարկեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիրը

Հուլիսի 18-ին մեկնարկեց «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» ծրագիրը (Increased Resilience of Syrian Armenians and Host Population” (IRIS) Programme)։ Մեկնարկի միջոցառմանը ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, ՆԳ պարոն Պյոտր Անտոնի Սվիտալսկին՝ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան,  Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Ավստրիայի զարգացման գործակալության Գրասենյակի տնօրենի տեղակալ Նորա Ալանակյանը և Ավստրիական Կարմիր խաչի Միջազգային կապերի բաժնի ղեկավար Ուոլթեր Հայեկը։

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը վստահություն հայտնեց, որ սիրիական հակամարտության հետևանքով Հայաստանում հաստատված սիրիացի փախստականների և հատկապես սիրիահայերի հիմնախնդիրներն այս միջոցառմանը ներկա բոլոր կառույցների և կազմակերպությունների գործունեության առաջնահերթություններից են:

- Հայաստան տեղափոխված սիրիացիների նկատմամբ մեր պետությունը և հասարակությունն ի սկզբանե բավականին ջերմ և հյուրընկալ մոտեցում են ցուցաբերել: Վստահ եմ, որ թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված իրավիճակը ներկայիս կառավարությանը թույլ կտա գործընկեր կառույցների շարունակական փոխգործակցությամբ ավելի արդյունավետ արձագանքել վերջիններիս ամենաառաջնային և զարգացման հետ կապված խնդիրներին,- ընդգծեց նախարարը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ Եվրոպական Միությունը 3 մլն եվրո է տրամադրել այս ծրագրի իրականացման համար:

- Մենք հասկանում ենք, որ այս գումարը տալիս ենք անհրաժեշտ և օգտակար ծրագրի համար: Հույս ունեմ, որ այն կկարողանա շոշափելի արդյունքներ բերել: Մենք ուշադրություն ենք դարձնում նաև սիրիահայերի առողջապահության, կացության, զբաղվածության հարցերին,- ասաց Սվիտալսկին:

Հայկական Կարմիր խաչի ընկերութան Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին և նշեց

Ուրախ եմ, որ այսօր այստեղ հավաքվել են ամենատարբեր կառույցների և ոլորտների ներկայացուցիչներ, որոնք իրենց մեծ ներդրումն ունեն տեղահանված անձանց պաշտպանության գործում: Պաշտպանություն, որը ներառում է ֆիզիկական կյանքի անվտանգության, սոցիալական կարիքների ապահովման, զբաղվածության, մշակութային և տնտեսական ինտեգրման կարևորագույն ոլորտներ: «Սիրիահայերի և տեղաբնակների դիմակայունության բարձրացում» ծրագիրը մեր գործընկերների հետ երկարատև համագործակցության ինստիտուցիոնալացման առաջին փորձն է, ինչը հնարավորություն կտա մի նոր մակարդակի բարձրացնել այդ համագործակցությունը, բարելավել առավել խոցելի սիրիահայերին տրամադրվող մեր ծառայությունների որակը, նպաստել տնտեսական ինտեգրմանն ուղղված կայուն լուծումների կյանքի կոչմանը:

2018 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի հունիսը, IRIS ծրագրի շնորհիվ կբարելավվի Ինտեգրացիայի ազգային քաղաքականությունը, որն ուղղված է Հայաստանում սիրիահայերի արժանապատիվ կյանքի ապահովմանը՝ ամբողջական պաշտպանության և ինտեգրման միջոցով։ Դա կիրագործվի սիրիահայերի և տեղացիների սոցիալական և տնտեսական դիմակայունության բարելավման, ինչպես նաև Հայաստանի տնտեսական աճի համար ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման միջոցով։ Այն իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ), Հայկական Կարիտասի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի կողմից՝ համընկերությամբ։

Սա նշանակում է․ մոտ 9000 սիրիահայերի համար բարելավել առկա առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, բերալավել մոտ 300 ընտանիքների բնակարանային պայմանները, ընդլայնել 200 ձեռներեցի տնտեսական հնարավորությունները, և նպաստել Հայաստանի հասարակության մեջ ավելի քան 3000 երեխաների ինտեգրմանն ու դիմակայունությանը։

Ավստրիական Կարմիր խաչի ղեկավարման ներքո իրականացվող ավելի քան 3.300.000 Եվրո ընդհանուր բյուջեով  IRIS ծրագիրը ֆինանսավորվում է Սիրիայի ճգնաժամին ի պատասխան ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային հիմնադրամի կողմից («Մադադ/MADAD» հիմնադրամ) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Հաշվի առնելով սիրիահայ փախստականներին աջակցելու բազմակողմանի փորձառությունը,  ծրագիրը կիրականացնեն  Հայկական Կարիտասը, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնը եւ ՓՄՁ համագործակցության ասոցիացիան:

Սիրիայի ճգնաժամին ի պատասխան ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային հիմնադրամի («Մադադ/MADAD») մասին

Իր ստեղծման օրից՝  2014 թվականի դեկտեմբերից մեծացնելով ԵՄ ոչ - մարդասիրական օգնության  մասնաբաժինը սիրիացի փախստականներին և նրանց հյուրընկալող երկրներին տրամադրվում է Սիրիայի ճգնաժամին ի պատասխան ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային հիմնադրամի («Մադադ/MADAD») միջոցով։  22 անդամ երկրների և Թուրքիայի ներդրումների և պարտավորությունների շնորհիվ, որը ներկա պահին կազմում է ավելի քան 150 միլիոն եվրո, ինչպես նաև ԵՄ այլ գործիքներով ստացված ներդրումներով, Ֆոնդն այսօր հասել է 1,5 միլիարդ եվրոյի։ 

Լայնածավալ ծրագրերն արդեն հաստատված են Ֆոնդի նախագահության կողմից և կազմում են ավելի քան 1,4 միլիարդ եվրո։ Դրանք ուղղված են կրթությանը, կենսապայմանների բարելավմանը, առողջապահությանը, սոցիալ-տնտեսական աջակցությանը, ջրի ու կեղտաջրերի ենթակառուցվածքների ապահովմանը, և օգուտ են տալիս և փախստականներին, և նրանց հյուրընկալող համայնքներին։

Դրանցից 950 միլիոն եվրոն տրամադրվել է Թրասթ Ֆոնդի իրականացնող գործընկերներին՝ ավելի քան 50 ծրագրերի միջոցով և այժմ հասանելի է ավելի քան 2 միլիոն շահառուների Հայաստանում, Իրաքում, Հորդանանում, Լիբանանում և Թուրքիայում։