Նորություններ
Սիրիական ուտեստների օր Մասիսի ճաշարանում

Սիրիական ուտեստների օր Մասիսի ճաշարանում

22.12.2019
Սիրիական ուտեստների օր Մասիսի ճաշարանում

Բորակի (սամսակ), ֆաթթուշ , իշլի քյուֆթա, ղուզուիչի փլավ՝ Արարատ մարզի Մասիս քաղաքի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) բարեգործական ճաշարանում անցյալ ուրբաթ «Սիրիական ուտեստների օր» էր։
․․․Պատրաստողները «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շահառու սիրիահայ կանայք էին, որոնք Կանանց աջակցության խմբի անդամներ են։ Խումբն ստեղծվել է նշված ծրագրի շրջանակներում՝ կանանց ինտեգրմանը նպաստելու համար։

Հերթական հանդիպումներից մեկի ժամանակ խմբի կանայք ցանկություն էին հայտնել սիրիական ուտեստներ պատրաստել և հյուրասիրել մի որևէ խմբի։ Քննարկման արդյունքում որոշվեց, որ ճաշ կպատրաստեն ՀԿԽԸ Մասիսի բարեգործական ճաշարանի այցելուների համար։ Կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման 16-օրյակի շրջանակներում ՀԿԽԸ-ն աջակցեց նախաձեռնությանը։

Կանայք սիրով և մեծ ոգևորությամբ պատրաստեցին սիրիական ճաշատեսակները՝ տոն դարձնելով միայնակ տարեցների օրը, իսկ վերջում էլ հուշանվերներ ստացան:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի Փախստականների Գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ։