Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ապահով ապագայի կառուցում․ Անուշի ճանապարհը [uri] => /news/anushtexahanvac.html [id] => 691 ) 1
Ապահով ապագայի կառուցում․ Անուշի ճանապարհը

Ապահով ապագայի կառուցում․ Անուշի ճանապարհը

27.03.2026
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ապահով ապագայի կառուցում․ Անուշի ճանապարհը

Անուշի կյանքը կտրուկ փոխվեց 2023 թվականի սեպտեմբերին, երբ Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումը ստիպեց նրան և իր չորս որդիներին՝ 18, 16, 8 և 6 տարեկան, լքել Ստեփանակերտում գտնվող իրենց տունը։ Այլ տեղահանված ընտանիքների հետ միասին նրանք Հայաստան հասան բեռնատարի թափքում՝ իրենց հետևում թողնելով տունը և ունեցվածքի մեծ մասը՝ բախվելով ապագայի հանդեպ խորը անորոշության։

Հայաստան հասնելուց հետո ընտանիքը սկսեց հարմարվել նոր միջավայրին՝ միաժամանակ հաղթահարելով տեղահանության առաջ բերած հուզական և գործնական դժվարությունները։ Ընտանիքում արդեն առկա լարվածությունը սրվեց նոր պայմանների ճնշման ներքո։ Ամուսնու ալկոհոլային կախվածությունը, որը խորացավ այս սթրեսային և անորոշ ժամանակահատվածում, ստեղծեց անկայուն միջավայր ընտանիքում և գնալով ավելի մեծ ազդեցություն ունեցավ երեխաների բարեկեցության վրա՝ ընտանիքը կանգնեցնելով քայքայման վտանգի առջև։

Համակարգված աջակցություն՝ պաշտպանության եվ բարեկեցության ապահովման համար

Կարիքների համապարփակ գնահատումից հետո մշակվեց անհատական դեպքի կառավարման ծրագիր՝ ապահովելու համակարգված և համապարփակ արձագանք։

Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «RENEW» ծրագրի շրջանակում Անուշը սկսեց պարբերաբար ստանալ հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (MHPSS) ծառայություններ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հոգեբանի կողմից։ Այս հանդիպումները ապահովեցին անվտանգ և գաղտնի միջավայր, որտեղ նա կարողացավ մշակել տեղահանության հետ կապված տրավման, ամրապնդել իր հաղթահարման մեխանիզմները և աստիճանաբար վերականգնել վստահությունը սեփական իրավիճակը կառավարելու հարցում։

Ժամանակի ընթացքում Անուշը ավելի վստահ դարձավ որոշումներ կայացնելու հարցում՝ ուղղված իր երեխաների պաշտպանությանը և ընտանիքում կայունության վերականգնմանը։ Հուզական դիմակայունության բարձրացման և մասնագիտական աջակցությամբ նա որոշեց բաժանվել՝ ապահովելու իր երեխաների բարեկեցությունը։

Միաժամանակ դեպքի կառավարիչը կազմակերպեց ուղղորդումներ ծրագրի շրջանակում տրամադրվող իրավական ծառայություններին։ Ծրագրի աջակցությամբ իրավաբանը տրամադրեց իրավական խորհրդատվություն և սկսեց անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ շարունակական հետևողական աշխատանքը ապահովեց, որ Անուշը ամբողջ գործընթացի ընթացքում ստանա համապատասխան ուղեցույց և աջակցություն։

Երեխաների պաշտպանություն եվ առօրյա կյանքի վերականգնում

Այսօր Անուշը իր չորս որդիների հետ ապրում է ինքնուրույն՝ Մեծամորում՝ ավելի ապահով և կայուն պայմաններում։

Երկու ավագ որդիները սովորում են տեղական քոլեջում՝ քայլեր կատարելով իրենց մասնագիտական ապագայի կառուցման ուղղությամբ։ Նրանցից մեկը նաև ստանում է անհատական հոգեսոցիալական աջակցություն՝ հաղթահարելու տեղահանության և ընտանեկան փոփոխությունների հետ կապված հուզական և հարմարվողական դժվարությունները։

Երկու կրտսեր երեխաները հաճախում են ծրագրի «Smiley Club»-ը, որտեղ մասնակցում են կրթական, սոցիալական և ժամանցային կառուցվածքային գործունեությունների՝ ուղղված դիմակայունության զարգացմանը, առողջ աճին և սոցիալական ինտեգրմանը։

Ընտանիքի առավել խոցելի փուլում մարդասիրական աջակցությունը կենսական նշանակություն ունեցավ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ընտանիքին տրամադրեց սննդի և հագուստի աջակցություն՝ օգնելով նվազեցնել անմիջական ֆինանսական բեռը և ապահովել արժանապատիվ կենսապայմաններ մինչ երկարաժամկետ լուծումների ձևավորումը։

Վերականգնման ճանապարհին

Չնայած ընտանիքը շարունակում է բախվել տնտեսական և սոցիալական դժվարությունների, շարունակական հոգեսոցիալական աջակցությունը, իրավական ուղղորդումը, մարդասիրական օգնությունը և համակարգված դեպքի կառավարումը ստեղծել են կայունության հասնելու ուղի։

Այսօր Անուշը ապագայի մասին խոսում է զգուշավոր լավատեսությամբ։ Նա հույս ունի, որ իր ավագ որդիները կրթությունն ավարտելուց հետո կկարողանան աշխատանք գտնել և նպաստել ընտանիքի կայունությանն ու անկախությանը։

Նրա պատմությունը վկայում է, թե ինչպես կարող է համապարփակ սոցիալական աշխատանքը՝ համադրելով պաշտպանության միջոցները, հոգեսոցիալական աջակցությունը, իրավական օգնությունը, երեխաներին ուղղված ծրագրերը և առաջնային կարիքների բավարարումը, փոխակերպել սուր խոցելիության իրավիճակը դեպի կայունություն և հույս։

«RENEW» ծրագիրը, որն իրականացվում է Եվրոպական միության մարդասիրական օգնության աջակցությամբ, նպատակ ունի բարելավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով տեղահանված 16,020 կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների կենսապայմանները և հոգեսոցիալական բարեկեցությունը։ 2023 թվականին հակամարտության սրացումը հանգեցրեց ավելի քան 100,000 մարդու զանգվածային տեղահանության դեպի Հայաստան։ Ծրագիրը իրականացվում է Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ աջակցելով տեղահանված անձանց կյանքի վերականգնմանը և նոր համայնքներում կայունության ու դիմակայունության ամրապնդմանը։

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ