
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ընդմիշտ փոխեց Տաթևի կյանքը, երբ 2023թ. սեպտեմբերին նա և իր ընտանիքը ստիպված եղան լքել իրենց տունը։ Ամուսնու, երկու երեխաների և երկու հարազատների հետ միասին Տաթևը հասավ Հրազդան՝ իր հետ բերելով միայն անհայտ ապագայի ծանրությունն ու անորոշությունը։ Ապագայի մասին անհանգստությունն ու անծանոթ միջավայրը նրան թույլ չէին տալիս գտնել հույս ու հանգստություն։
Թեև Տաթևն ավարտել էր Արցախի պետական համալսարանը, տեղահանման հետևանքներն ու նոր կյանք սկսելու վախը նրան թվում էին անհաղթահարելի։ Նոր քաղաքում կարիերա ստեղծելու միտքը հեռու էր թվում։ Տեղահանման հոգեբանական բեռը և ընտանիքի կարիքները հոգալու պարտավորությունը նրան ստիպում էին զգալ ուժասպառ և հիասթափված։
Տաթևի ճանապարհը սկսեց փոխվել այն պահին, երբ նա կապվեց Հայկական Կարմիր Խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ և ծանոթացավ իր դեպքը վարող մասնագետի հետ։ Համբերատար և կարեկցող զրույցների ընթացքում դեպք վարողը լսեց Տաթևի պատմությունը, նրա վախերն ու ապագայի համար պահված փոքր, անարտահայտված երազանքները։
Կորուստների վրա կենտրոնանալու փոխարեն՝ դեպք վարողը նրան օգնեց նայել առաջ՝ դեպի այն, ինչ դեռ հնարավոր էր։ Նրանք միասին սկսեցին ուսումնասիրել Տաթևի ուժեղ կողմերը, հմտություններն ու հետաքրքրությունները։ Այդ ընթացքում Տաթևն սկսեց գիտակցել, որ բոլոր դժվարություններից հետո էլ ինքն ունի կյանքը նորից կառուցելու ներուժ։
Դեպք վարողի օգնությամբ Տաթևը դիմեց մասնագիտական ուսուցման տարբեր ծրագրերի, որոնք նրան օգնեցին կրկին վստահություն ձեռք բերել իր կարողությունների նկատմամբ։
Նրանք միասին կազմեցին մասնագիտական ինքնակենսագրական, որը ճշգրիտ ու գեղեցիկ ներկայացնում էր Տաթևի որակավորումները, վճռականությունը և տեղահանության դժվարությունները հաղթահարելու ուժը։ Շատ չանցած՝ Տաթևը աշխատանքի առաջարկ ստացավ՝ որպես ադմինիստրատոր տեղական գեղեցկության սրահում։ Աշխատանքը լիովին համապատասխանում էր նրա հմտություններին և նրան տալիս էր նոր նպատակ ու սեփական արժեքը զգալու հնարավորություն։
Աշխատանք գտնելը Տաթևի համար մեծ հաղթանակ էր։ Բայց նրա առաջընթացը դրանով չավարտվեց։ Հասկանալով աշխատանքը և ընտանիքը համատեղելու դժվարությունները՝ ՀԿԽԸ դեպք վարողը օգնեց կազմակերպել նրա կրտսեր երեխայի երեխայի ընդունելությունը մանկապարտեզ։ Սա թույլ տվեց Տաթևին ամբողջությամբ կենտրոնանալ իր աշխատանքի վրա՝ առանց երեխայի խնամքի հետ կապված մտահոգության։
Աշխատանքն ու դրանից բխող կայունությունը Տաթևին տվեցին ավելին, քան պարզապես ֆինանսական անկախություն։ Նա նորից գտավ իր ուժը, ինքնավստահությունը և հպարտությունը՝ ընտանիքին ապահովելու կարողության համար։ Սա նաև ոգեշնչեց նրա ամուսնուն, ով տեսնում էր Տաթևի վճռականությունը, սնպաստեց, որ ինքն էլ սկսի նոր հնարավորություններ փնտրել։
Տաթևի վերափոխումը իսկապես տպավորիչ էր՝
Նա վերագտավ իր վստահությունը՝ շնորհիվ ուսուցման և մասնագիտական խորհրդատվության։
Գտավ աշխատանք, որը նրան տվեց թե՛ ֆինանսական անկախություն, թե՛ նոր նպատակ։
Կրտսեր երեխան ընդունվեց մանկապարտեզ։
Տաթևի դիմակայունությունը ոգեշնչեց նաև ընտանիքի մյուս անդամներին՝ քայլեր ձեռնարկելու դեպի ավելի լավ ապագա։
Այսօր Տաթևը վստահորեն քայլում է իր ճանապարհով։ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող RENEW ծրագրի հետևողական աջակցությունը նրան օգնեց վերագտնել իր ներքին ուժը և դրա միջոցով՝ իր կյանքը վերակառուցելու կարողությունը։
ԵՄ մարդասիրական աջակցության շրջանակում իրականացվող RENEW նախագիծը ուղղված է 16,020 տարածաշրջանային պատերազմով տուժած կանանց, տղամարդկանց, աղջիկների և տղաների կյանքի պայմանների և հոգոսոցիալական բարեկեցության բարելավմանը։ 2023 թվականին սրացած հակամարտությունն ու ավելի քան 100,000 տեղահանված անձանց հոսքը Հայաստան ստեղծեցին մեծ կարիքներ։ Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում իրականացվող այս ծրագիրը աջակցում է տեղահանվածներին՝ վերակառուցելու իրենց կյանքը և ամրապնդելու կայունությունն ու դիմադրողականությունը նոր համայնքներում։