Նորություններ
Ղարաբաղյան հակամարտության սրացման այս օրերին...

Ղարաբաղյան հակամարտության սրացման այս օրերին ՀԿԽԸ-ն արձագանքում է

04.10.2020
Ղարաբաղյան հակամարտության սրացման այս օրերին ՀԿԽԸ-ն արձագանքում է

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ղարաբաղյան հակամարտության սրացման առաջին իսկ օրերից, որպես աջակցող կառույց կառավարությանը՝ մարդասիրական ոլորտում, ՀՀ կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ և համակարգմամբ, խիստ կարիքի վրա հիմնված մարդասիրական աջակցություն է տրամադրում Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց՝ սննդի, հագուստի, հիգիենիկ, առաջին անհրաժեշտության անհատական օգտագործման և անկողնային պարագաների, կոմունալ վճարումների, բժշկական սարքավորումների, Առաջին օգնության արկղիկների, սայլակների, քայլակների տեսքով:

 

ՀԿԽԸ-ն շարունակաբար իրականացնում է երկրում ստեղծված մարդասիրական կարիքների գնահատում՝ նոր կարիքներ բացահայտելու և համապատասխան արձագանքը շարունակելու համար՝ մոբիլիզացնելով իր ողջ ֆինանսական և մարդկային ներուժը։

Ակտիվ գործում են ՀԿԽԸ Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները։

ՀԿԽԸ հոգեբանները բուժկենտրոններում հոգեբանական աջակցություն են տրամադրում վիրավոր զինվորներին և նրանց հարազատներին։ Համապատասխան մասնագիտացում ունեցող կամավորների համար կազմակերպվում են Հոգեբանական առաջին օգնության դասընթացներ՝ հետագայում նրանց ևս աշխատանքներում ընդգրկելու համար։

ՀԿԽԸ Առաջին օգնության թիմը հերթապահում է ՀՀ ՊՆ-ին կից ստեղծված Գերիների, անհայտ կորածների տվյալների ճշտման և հավաքագրման, ինչպես նաև զինծառայողների հարազատների կողմից բարձրացված հարցերին պատասխանելու տեղեկատվական կենտրոնում՝ մարմինների նույնականացման գործընացում հարազատներին անհրաժեշտության դեպքում Առաջին օգնություն և Հոգեբանական առաջին օգնություն ցուցաբելելու համար։

Հայկական Կարմիր խաչի ընկերության պատրաստված կամավորները՝ կիրառելով երեխաների հետ հոգեբանական աշխատանքի համար մշակված ՀԿԽԸ մոդելները, կազմակերպում են պետության կողմից տրամադրված կացարաններում ժամանակավոր հանգրվանած երեխաների առօրյան և իրականացնում սթրեսի հետևանքների թեթևացմանն ուղղված աշխատանքներ։

Արձագանքելով հանրության, պետական կառույցների և մասնավոր ընկերությունների խնդրանքին՝ ՀԿԽԸ-ն Առաջին օգնության դասընթացներ է իրականացնում կամավորների և տարբեր տարիքային ու մասնագիտական խմբերի համար։

ՀԿԽԸ-ն ակտիվացրել է իր «Որոնում» ծառայությունը, որի նպատակն է կանխարգելել հակամարտության հետևանքով ընտանիքների տարանջատումը և նպաստել տարանջատված ընտանիքների վերամիավորմանը։

ՀՀ ԱՆ պ․ Յոլյանի անվ․ արյունաբանական կենտրոնում Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն աջակցում են արյան բանկի համալրմանը, ինչպես նաև կազմակերպչական հարցերին, ըստ կարիքի՝ ՀԿԽԸ-ն կենտրոնին տրամադրել է նաև  անհրաժեշտ նյութեր։

 

ՀԿԽԸ կամավորները՝ ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ իրականացնում են դեղերի տեսակավորման ու փաթեթավորման աշխատանքներ։

 

Ողջ գործունեությունն իրականացվում է հետևելով հակահամաճարակային կանոններին և նպաստելով դրանց պահպանմանը՝ տրամադրելով տեղեկատվական թերթիկներ և պաշտպանիչ նյութեր։

 

ՀԿԽԸ Սոցիալ-հոգեբանական կենտրոնի հեռախոսահամարներն են՝  +374  60 625069, +374 60 627070։