Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է օգնել կարկուտից առավել տուժած ընտանիքներին

16.09.2019
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը շարունակում է օգնել կարկուտից առավել տուժած ընտանիքներին

Շիրակի մարզում 2019թ․ հունիսի 27-ին տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով առավել տուժած 925 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 4606 մարդ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից սեպտեմբերին ստացավ մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցության տեսքով։  

Այդ ընտանիքների յուրաքանչյուր անդամ ստացավ 32 575 ՀՀ դրամ  (ընդհանուր առմամբ՝ 150 040 450 ՀՀ դրամ)։

Աղետից հետո ՀՀ Շիրակի մարզպետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝  հայտնաբերելու առավել խոցելի՝  բերքի 75 - 100 տոկոսը կորցրած ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին և ստացավ դրական արձագանք։

ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների ցուցակները վերջնական ճշգրտել և հստակեցրել է մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների  հետ սերտ համագործակցությամբ։ Դրամական աջակցությունը տրամադրվել է Շիրակ,  Հովիտ, Կամո, Բասեն, Ջրառատ, Կառնուտ բնակավայրերի առավել տուժած ընտանիքներին՝ «Հայբիզնեսբանկի» «Գյումրի» և «Անի» մասնաճյուղերի միջոցով։