Նորություններ
Արման Դավթյան. Մարդը, որ բարի գործ է անում, իրեն...

Արման Դավթյան. Մարդը, որ բարի գործ է անում, իրեն ավելի լավ ու լիարժեք է զգում

30.04.2020
Արման Դավթյան. Մարդը, որ բարի գործ է անում, իրեն ավելի լավ ու լիարժեք է զգում

Կամավորները մեր ուժն են․ նրանք անշահախնդիր են, դրական էներգիայով լեցուն, պատրաստակամ՝ անմնացորդ ներդնելու իրենց ուժն ու կարողությունները՝ հանուն ուրիշների բարօրության:

 

Նրանց շարքերն ամեն օր համալրվում են պատրաստակամ, բանիմաց, պատասխանատու, սրտացավ մարդկանցով, որոնք իրենց մարդկային հատկանիշներով և մասնագիտական հմտություններով մեծապես աջակցում են մեր գործունեությանը:

 

Նրանք տարբեր մասնագիտություններ ու հետաքրքրություններ ունեն, բայց նրանց բոլորին միավորում է օգնելու ցանկությունը:

 

Մասնագիտությամբ տնտեսագետ Արման Դավթյանը մոտ մեկ ամիս է ինչ ակտիվ կամավորություն է անում Հայկական կարմիր խաչի ընկերությունում, ներգրավված է սննդի պահեստավորման և բաշխման աշխատանքներում:
Ամեն ինչ սկսվեց, երբ պատահաբար մի հայտարարություն տեսավ, որում նշված էր, որ անհրաժեշտ են շտապօգնության վարորդներ, զանգահարեց, սակայն տեղերն արդեն զբաղված էին: Բայց դիմացինին օգնելու ու օժանդակելու ցանկությունն շատ մեծ էր, հատկապես՝ այս իրավիճակում: Հիշեց Կարմիր խաչի մասին, զանգահարեց, և երկու օր հետո արդեն միացավ կամավորական աշխատանքներին։

 

 Ակտիվ և գերհագեցած առօրյան կենսակերպի անբաժան մասն է արդեն վաղուց: Չի սիրում անգործ նստել, առիթ է ունեցել աշխատել տարբեր ոլորտներում, սակայն կամավորական աշխատանք անում է առաջին անգամ: Շրջապատում ոչ բոլորն են հասկանում իր որոշումը, իսկ Արմանի համար այս պահին կարևոր է մարդկանց օգնելը: Սիրում է նաև դժվարություններ, ու կարծում է, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, և դրանք են, որ կյանքը դարձնում են էլ ավելի հետաքրքիրն ու լավը:

- Իմ կյանքը միշտ իրադարձություններով լի է, փոփոխական, միապաղաղ երբեք չեմ ապրել, հավանաբար, դա էլ դեր խաղաց, որ այս պահին այստեղ լինեմ: Սիրում եմ մարդկանց օգտակար լինել։ Մարդը, որ բարի գործ է անում, իրեն ավելի լավ ու լիարժեք է զգում:

Չնայած կարճ ժամանակ է, ինչ Արմանը կամավոր է, հասցրել է մտերմանալ կամավորների հետ, միջավայրն էլ շատ հարազատ է դարձել:

- Սա ինձ համար մի ուրիշ բան է: Կամավորները շատ լավ մարդիկ են, ինձ շատ է դուր գալիս միջավայրը, նպատակը մեկն է՝ մարդկանց օգնել, մեծ բավականություն ստացած գնում եմ տուն: Բացի այդ տեսնում ես, որ օրդ ապարդյուն չի անցել, կարողացել ես օգտակար լինել, ու օգնությունը ճիշտ ժամանակին հասել է տեղ, - ասում է Արմանը։ - Մի օր եղավ, որ մարդիկ հուզվեցին մեր անսպասելի այցից, դա մի վեհ զգացողություն էր, որ դու կարողացար իրենց նեղ պահին իրենց կողքին լինել, ինչ-որ օգուտ տալ: Այսպես կտրվում ես չարից, վատից, քեզ ավելի պիտանի մարդ ես զգում:

Արմանը նշում է, որ կամավորը պետք է կարեկից, նրբազգաց լինի, ուշադիր, հաղորդակից լինի այլոց ցավին։

 

Մենք օգնում ենք Ձեր օգնությամբ: