Նորություններ
Ես սիրում եմ Կարմիր խաչը, որովհետև...

Ես սիրում եմ Կարմիր խաչը, որովհետև Կամավորությունն ինձ համար հպարտություն է

17.07.2019
Ես սիրում եմ Կարմիր խաչը, որովհետև Կամավորությունն ինձ համար հպարտություն է

 

18  - ամյա Մարգարիտա Ղարիբյանը սովորում է Էջմիածնի պետական քոլեջի մենեջմենթ և կառավարում բաժնում:  Հետաքրքրությունների լայն շրջանակ ունի՝ տարբեր մշակույթներ, լրագրություն, զբոսավարություն, իսկ մշտական հոբբին պարն է: Նպատակները շատ են, անշուշտ, դրանց թվում նաև անձնականները կան, բայց  մեծ մասը մարդկությանն են վերաբերում,  ինչ-որ բան դեպի լավը փոփոխելուն: Մի քանի տարի առաջ, երբ Մարգարիտայի մոտ ցանկություն էր առաջացել  հասարակության համար ինչ-որ լուրջ և օգտակար բան անելու, Թումոյի մարզիչը հուշեց Կարմիր խաչի մասին, ու այդպես էլ եկավ, միացավ:

 

-   15 տարեկանում եկա Հայկական Կարմիր խաչ՝ Երիտասարդական բաժին. Դռան վրա գրված էր՝ «Մուտքը՝ ժպիտներով»։ Ես առաջին անգամ էի տեսնում այդքան տրամադրող տեղ: Ու այդպես սկսեցի ակտիվ կամավորություն անել։

 

Արդեն երեք տարի է ինչ Մարգարիտան «Սոցիալ-հոգեբանական աջակցություն միայնակ փախստական ծերերին» ծրագրի կամավոր է: Տատիկ-պապիկների հետ աշխատանքն ունի իր հետաքրքիր նախապատմությունը:

 

- Ես տատիկ-պապաիկներից վախենում էի փոքր ժամանակ, անկեղծ եմ ասում, որովհետև իրենք իմ նման չէի. փոքր-մոքր, տխուր էին, ու որ առաջին անգամ հանրակացարանի տատիկներին տեսա, նրանք հերիք չի, որ տատիկ-պապիկ էին, դեռ մի հատ էլ շատ վատ պայմաններում էին ապրում: Հետո, երբ սկսեցի անընդհատ գնալ, ես հասկացա, որ իմ այցերը ինչ-որ կերպ լուսավորում են նրանց կյանքը, ոչ թե այն պատճառով, որ ես շատ լավն եմ, այլ այն, որ իրենք տեսնում էի մարդու, որը պատրաստ է պարզապես լսել իրենց, ինչ-որ ձևով կիսել իրենց դժվարությունը, թեկուզ՝ ջերմ խոսքերով, օրինակ՝ «Տատ ջան, մի նեղվի», դա էլ իրենց համար շատ մեծ մխիթարանք է։ Հիմա ես լրիվ ուրիշ մարդ եմ՝ միայն իմ համար չեմ, այլև՝ ուրիշների: Կարմիր խաչի շնորհիվ ընկերներ ես ձեռք բերում, շրջապատ, Կարմիր խաչի մարդիկ  լրիվ ուրիշ են, սա  շատերն են ասում։ Դու սկսում ես մտածել, դու սկսում ես տեսնել, անհանգստանալ,  նեղվել, լսել ու երևի հենց էդ մտածելուց է,  որ ամեն ինչ սկսվում է: Այսինքն եթե դու մտածում ես, մեկ էլ սկսում ես քայլեր ձեռնարկել:

 

Կարմիր խաչի կամավոր լինելն ինձ հպարտություն է տալիս:  Սկզբում ինձ ասում էին՝ «Վա՛յ, տատիկ-պապիկների մոտ ես գնում», հիմա ինձ կարող է ասեն․ «Կոնֆետները վերցրու, կտանես տատիկ-պապիկներիդ կտաս», ինչն ինձ շատ է ոգևորում:

 

Վալյա տատիկը, օրինակ, միշտ Մարգարիտային օգտակար խորհուրդներ է տալիս, կիսվում՝ բաղադրատոմսերով, ստիպում տաք հագնվել, ուտելիք դնում հետը, եթե Մարգարիտան հանրակացարանից հետո ինչ-որ տեղ է ունենում գնալու: Տատիկներ կան, որ իր հետ ռուսերեն են պարապում:

- Ես սիրում եմ Կարմիր խաչը, որովհետև Կամավորությունը ներքին հանգստություն է, բարձր արժեքներ, ինքնավստահություն, հույս, հուսալիություն: Կամավորության շնորհիվ դառնում ես նախաձեռնող: