Նորություններ
Մայիսի 8-ը Կարմիր խաչի շարժման համաշխարհային օր

Մայիսի 8-ը Կարմիր խաչի շարժման համաշխարհային օր

10.05.2019
Մայիսի 8-ը Կարմիր խաչի շարժման համաշխարհային օր

Մայիսի 8-ը, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային Շարժման հիմնադիր Անրի Դյունանի ծննդյան օրը, նշվում է որպես Շարժման համաշխարհային օր։

 

Մարդասիրական գործունեություն ծավալելով ավելի քան 150 տարի՝ Կարմիր խաչի շարժումը ձգտում է խոցելի համայնքների համար ապահովել համապատասխան և ժամանակին մարդասիրական ծառայություն՝ այժմ և ապագայում։ Ամբողջ աշխարհում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միլիոնավոր ներկայացուցիչներ աջակցում են ավելի քան 160 միլիոն մարդու՝ տրամադրելով բազմազան և նորարարական լուծումներով անկողմնակալ ծառայություններ։

Մեր մոտեցումը համընդհանուր է և ամեն վայրկյան ուղղորդվում է մեր Հիմնարար սկզբունքներով. Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

 

Այսօր մենք նշում ենք մեր կամավորների և անձնակազմի խիզախությունն ու ձեռքբերումները։ Նրանց կյանք փրկող և կյանք փոխող ծառայություններն ապահովում են, որ մենք ամեն օր հավատարիմ մնանք մարդասիրության սկզբունքին։ Մենք տեղական ենք և միջազգային, անկախ ենք և չեզոք, և մենք ամենուրեք ենք՝ բոլորի համար։

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն ամբողջ աշխարհում բազմաբնույթ ծառայություններ է մատուցում ամենախոցելի խմբերին՝ տարբեր իրավիճակներում. բնական աղետներին, ճգնաժամերին և հակամարտություններին արձագանքելուց մինչև քաղաքներում և դժվար հասանելի վայրերում աջակցություն տրամադրելը, ինչպես նաև բարձրաձայնելով կարիքավորների խնդիրները՝ որոշում կայացնողների և կառավարությունների շրջանում։

 

11.6 միլիոն ակտիվ կամավորների և 450 000 անձնակազմի գլոբալ և անկախ ցանցի միջոցով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն աշխատում է աշխարհի ավելի քան 190 երկրներում։ Լինի դա բնական թե տեխնածին աղետ, զինված ընդհարում կամ սոցիալ-առողջապահական խնդիր, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավորներն այնտեղ են՝ օգնելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն՝ առանց խտրականության։

 

Շնորհավորում ենք բոլոր կամավորներին և աշխատակիցներին։