Նորություններ
Կարմիր խաչը մեզ փրկում է դժվարություններից

Կարմիր խաչը մեզ փրկում է դժվարություններից

03.10.2019
Կարմիր խաչը մեզ փրկում է դժվարություններից

Երևանի Արցախի փողոցի հանրակացարանում է բնակվում 78 տարեկան Ռիմա Մանուկյանը։ Այստեղ է արդեն երեսուն տարի: Երկու որդիները մահացել են, թոռներ ունի ու մեկ ծոռ: Երկար տարիներ ավտոդողերի գործարանում աշխատել է որպես գլխավոր տեսուչ: Հիմա միակ այցելուները Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն են՝ միշտ անհամբեր սպասում է նրանց:

- Շատ եմ սիրում ջահելների հետ շփվել, հետաքրքիր է իրանց հետ, իրանք են բան պատմում, ես եմ պատմում, կչկչում ենք, ծիծաղում ենք։ Սրտները, որ լցվում է, գալիս են մոտս, ես իրենց հանգստացնում եմ, լավ ենք անցկացնում մեր օրերը: Ես սիրում եմ ասել, խոսել, ծիծաղեցնել։ Պահի տակ իրենց հետ մոռանում եմ, որ 78 տարեկան եմ: Ռուբինան, որ գալիս է, ոնց որ աշխարհն ինձ են տալիս: Որ գնում են, ոնց որ ամեն ինչ փշրվի, շատ լավ էրեխեք են․․․

Տիկին Ռիման տնից դուրս չի գալիս, ոտքերի խնդիր ունի: Հիշում է իր ուրախ անցկացրած օրերը, հենց այդ օրերն ու հիշողություններն են, որ Տիկին Ռիմային ապրեցնում են, և հենց այդ պատմություններն ու հիշողություններն է, որ հաճախ պատմում է կամավորներին:

- Կարմիր խաչը մեզ փրկում է դժվարություններից, հեշտացնում մեր կյանքը:

«Սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին և միայնակ փախստական ծերերին» ծրագիրն իրականացվում է Երևանի 3 հանրակացարաններում (Արցախի 4/10,10/1, Շիրակի 2Ա/7, Նոր Նորք` Մոլդովական 29/1), ինչպես նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Քոլեջի և Աբովյանի 1 հանրակացարաններում (Հատիսի 4-րդ նրբ.): Կամավորները շաբաթը մեկ անգամ այցելում են 120 շահառու տարեցներին, օգնում են տնային գործերում, կազմակերպում սոցիալական և մշակութային միջոցառումներ: Ամիսը մեկ անգամ տարեցներին տրվում են սննդի փաթեթներ, երեք ամիսը մեկ անգամ` հիգիենիկ պարագաներ: Ձմռան ամիսներին ծրագիրը նախատեսում է նաև շահառուների կոմունալ ծախսերի (էլեկտրաէներգիայի) մասնակի փոխհատուցում: