Նորություններ
ՀԿԽԸ-ն օգնում է Ղարաբաղյան հակամարտության...

ՀԿԽԸ-ն օգնում է Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքներին

05.04.2021
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՀԿԽԸ-ն օգնում է Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված ընտանիքներին

Արարատի մարզի Մասիս քաղաքում վարձակալած կիսադատարկ տան ամենաանհրաժեշտ կահկարասին   հսկայական գազի վառարանն է, որի թույլ ջերմությունն իր շուրջն է հավաքել 31-ամյա Նարինեի չորս անչափահաս երեխաներից երեքին: 3-ամյա Մարքսը կուչ է եկել տատի գրկում, չի խոսում, անթարթ աչքերով մեզ է նայում, կարծես փորձում է փոքրիկ մտքով ընկալել առանց այն էլ արդեն անըմբռնելի նոր իրականությունն ու նախկինում այնտեղ գոյություն չունեցած մարդկանց՝ մեզ:  Երկու աղջիկները՝ 5-ամյա Էդիտան և 10-ամյա Օվսաննան ևս լուռ են: Մեր հարցերին ի պատասխան  շիկնում են, հայացքները թեքում: Ավագը դուստրը, 13-ամյա Մարիան դպրոցում է:   

Նարինեի ընտանիքը Մասիս է տեղափոխվել Հադրութի շրջանից: 

Ասում է՝ երեխաները դեռ չեն սթափվել կռվի պատճառած սթրեսից: Առաջին անօդաչուն հենց իրենց գյուղի մոտակայքում է պայթել:

-          Շատ մոտ էր մեր տանը, բոլորս այդ ձայնից ենք վախեցած արթնացել, կիրակի էր, ամսի 27-ը: - Ապա լռում է, աչքերը խոնարհում: Սեպտեմբերի 28-ին տեղափոխվել են ամուսնու քրոջ գյուղ, որ սարերով շրջապատված խորանիստ բնակավայր է: Այնտեղ մնացել են մեկ օր, ապա ամուսինն ընտանիքին Ստեփանակերտից ճանապարհել է Երևան, ինքը մնացել օգնելու դրա կարիքն ունեցողներին: Օրեր շարունակ ծառայողական մեքենայով մի բնակավայրից մյուսը՝ ավելի ապահով վայր է տեղափոխել կանանց ու երեխաների:    

Մասիսում արդեն Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատակիցների օգնությամբ այս տունն են գտել:  Մինչ այդ երկու ամսից ավել 14 հոգով ապրել են  երկու սենյականոց փոքրիկ տան մեջ:

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից դպրոցում սոցիալ-հոգեբանական տարբեր դասընթացներ են կազմակերպվում Ղարաբաղից տեղափոխված ծնողների ու աշակերտների համար: Ավագ դուստրը՝ Մարիան, հաճույքով է մասնակցում: Նա հասցրել է հարմարվել նոր միջավայրին, նոր ընկերներ ձեռք բերել, Օվսաննան, սակայն չի հարմարվում, իր դպրոցն ու իր ընկերներին է ուզում:

Ընտանիքը մեծ է, ութ հոգի են՝ չորս երեխա, չորս մեծահասակ:

-          Կարմիր խաչից սնունդ ու լավ հիգենայի ու անկողնային պարագաներ ենք ստացել: Սնունդը շատ լավն էր, ամեն ինչ կար փաթեթում,- ասում է Նարինեն: - Շնորհակալ ենք Կարմիր խաչին մեր սննդի հարցը լուծելու համար:

Դժվարություններից առաձնանցում է տան վարձն ու կոմունալ վճարումները:

-          Համարյա 70.000 դրամ կոմունալ ենք վճարում: Երեկ 57 հազար  գազի ու լույսի փող ենք տվել, ջրի փողը մնացել է: Տան վարձը 100.000 է, չենք կարողացել գինն իջեցնել, իրենք էլ խնդիրներ ունեն, ուրիշ տուն չկարողացանք ավելի էժան գնով ճարել, ճարահատյալ վերցրինք:

Ամուսինն աշխատանքի է անցել Երևանում, միկրոավտոբուսի վարորդ է: 87-ամյա Ալեքսեյ պապի ու սկեսրոջ ստացած թոշակներով կարողանում են տան վարձը վճարել: Իսկ չորս երեխային հասնող  36.000 դրամ նպաստի վրա ամեն անգամ ամուսնու վաստակած 4000-5000 դրամ օրավարձից  հազար դրամ է ավելացնում, որպեսզի կոմունալ վճարումները կատարի:

Նարինեն մասնագիտությամբ ռուսերենի ուսուցչուհի է: Աշխատանքի համար գրանցվել է համայնքապետարանում:

-          Բայց դա դժվար հարց է, - ասում է, -  անգամ Ղարաբաղում էր իմ մասնագիտությամբ գործ գտնելը դժվար, ուր մնաց այստեղ:

Համայնքային քոլեջում ռուսերենի դասախոսի թափուր հաստիք է եղել, սակայն վախեցել է, ասում է՝ դպրոցում եմ աշխատել ու չորս տարի նախադպրոցականում: Մինչ որոշում կկայացներ ուժերը փորձել քոլեջում, հաստիքը արդեն լրացված է եղել:

Երկու դպրոցական աղջիկներին կարողացել են տեղի դպրոցում տեղավորել, 5 տարեկան Էդիտայի համար մի քանի մանկապարտեզ են դիմել, պատասխանել են, որ համավարակի պատճառով 18-ից ավել երեխա չեն վերցնում, մնացել է տանը:

-          Տղաս էլ մայիսին 3 տարեկան կդառնա, լրացնելու դեպքում 2 տարուց հերթը կհասնի, երկու տարի հետո արդեն 5 տարեկան է դառնում: Կողքի մանկապարտեզ ենք դիմել, ասել են պետք է Ղարաբաղից եկած երեխաների որոշակի քանակ լրանա, որ խումբ բացենք:

Ասում է՝ ամեն ինչ ուներ Հադրութի իրենց տանը, որը ճիշտ է հին էր, պապի կառուցած տունն էր, բայց իրենցն էր: Բայց ամենից շատ ափսոսում է երեխաների նվեր ստացած նոր շորերը, որը չի հասցրել վերցնել: Պահել էր, որ երկու փոքրիկներին դպրոց ճանապարհելիս հագցներ: