Նորություններ
Ամառային վրանային ճամբար սիրիահայ երեխաների...

Ամառային վրանային ճամբար սիրիահայ երեխաների համար

06.08.2013

Օգոստոսի 6-ին, ժամը 16:00-ին, տեղի ունեցավ սիրիահայ երեխաների համար կազմակերպված ճամբարի փակման հանդիսավոր արարողությունը: Ստեփանավանի մոտակայքում  (Գար-Գար գյուղից 4 կմ հեռավորության վրա) տեղակայված ամառային վրանային ճամաբարին, որը մեկնարկել էր օգոստոսի 1-ին,  մասնակցել է 30 սիրիահայ երեխա: Ծրագիրն իրագործվել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ: 

Շուրջ 15 տարի Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացրել է բազմաբնույթ ծրագրեր` ուղղված Ադրբեջանից և Իրաքից եկած փախստականների, ներկայումս էլ Սիրայից գաղթած փախստականների կարիքները բավարարելուն:  Փախստականների շրջանում ամենախոցելի խումբը երեխաներն են: Աշխատելով այս շահառուների հետ և զարգացնելով նոր միջավայրում հաղորդակցվելու նրանց հմտությունները` ՀԿԽԸ-ն նպատակ ունի նվազեցնել նրանց խոցելիությունն ու մեկուսացումը:

2003 թվականից սկսած, Երևանի 2 հանրակացարանում, որտեղ փախստական ընտանիքներ են ապրում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն իրականացնում է «Ժպիտների ակումբ» ծրագիրը` իրականացնելով սոցիալ-հոգեբանական, կրթական և մշակութային լայնածավալ միջոցառումներ:

Այդ միջոցառումների շարքում, հատուկ ուշադրություն է հատկացվում 7-14 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային վրանային ճամբարներին: Ճամբարների նպատակն է աջակցել երեխաների ինտեգրմանը հասարակությանը: Հաշվի են առնվում երեխաների կրթական պահանջները: Սպորտային միջոցառումները, շրջակա միջավայրը պաշտպանությունը և առողջ ապրելակերպը մշտապես  ճամբարների օրակարգում են` նպաստելով երեխաների բազմակողմանի զարգացմանը:

Մեծ տեղ է տրվում Հայաստանի բնության և տեսարժան վայրերի վերաբերյալ ճանաչողական միջոցառումներին:

Ներկայումս Հայաստանում, Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով, Սիրիայի տարբեր քաղաքներից ներգաղթած մեծ թվով  երեխաներ կան (ծագումով հայ), որոնք վերականգնման և սոցիալ-հոգեբանական աջակցության կարիք ունեն: Այստեղ երեխաները դժվարությունների են հանդիպում նաև լեզվին, կրթական համակարգին, մշակութային տարբերություններին առնչվելիս և նոր միջավայրում ինտեգրվելիս: