Նորություններ
Ամփոփվեց Երիտասարդների կայուն զարգացում ծրագիրը

Ամփոփվեց Երիտասարդների կայուն զարգացում ծրագիրը

23.06.2016
Ամփոփվեց Երիտասարդների կայուն զարգացում ծրագիրը

Մհեր Մկրտչյանի անվ. թատրոնի ետնաբեմում հունիսի 23-ի երեկոյան հուզված այսուայնկողմ էին վազվզում ու պատրաստվում ոչ թե թատրոնի պրոֆեսիոնալ դերասանները, այլ 14-20 տարեկան սիրիահայ ու տեղացի պատանիներ, որոնք պատրաստվում էին ելույթ ունենալու իրենց հարազատների ու ընկերների համար:

Երիտասարդների կայուն զարգացում ծրագիրը, որն իրականացվում էր Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից և նպատակ ուներ նպաստելու սիրիահայ պատանիների ինտեգրմանը, հնարավորություն ստեղծեց 20 երիտասարդների համար` իրենց հասակակիցների հետ միասին զբաղվելու արվեստի իրենց նախընտրած տեսակով, որն ընկերացրեց նրանց ու մոռացնել տվեց պատերազմի սարսափներն ու կորցրած տան կարոտը:

Ծրագիրն իրագործվում է 2015 թվականից` Դանիական Կարմիր խաչի և դանիական «Ռոսկիլդե» հիմնադրամի հետ համագործակցությամբ` բարձրացնելու սիրիահայ երիտասարդների սոցիալ-հոգեբանական բարեկեցությունը և հնարավորություն տալու նրանց զգալու երիտասարդության ուժը:

Երիտասարդների համար ստեղծվել էին լուսանկարչության, լրագրության, տեսանկարահանման, թատրոնի, նկարչության, պարի ու երգի խմբակներ: Յուրաքանչյուր խմբում երիտասարդների հետ աշխատում էին հայտնի դերասաններ, պարուսույցներ և երգահաններ:

Օրինակ` հայտնի նկարիչ Մերի Մունի ուղղորդմամբ հունիսի 3-ին սիրիահայ երիտասարդները նկարազարդեցին դպրոցի դիմացի պատը` ծածկելով այն խաղաղությունը խորհրդանշող պատկերներով, իսկ Մոսկվա կինոթատրոնի նախասրահում ցուցադրվեցին երիտասարդների` սմարթֆոններով արված լուսանկարները:

Ամփոփիչ երեկոն վարում էին Երիտասարդական Կարմիր խաչի կամավորներ Քրիստինա Ալեքսանյանը և սիրիահայ երիտասարդ Վահե Սալահյանը:

- Այս ծրագիրը Երիտասարդական ծրագրերի շարքում առանձնանում էր իր կրեատիվությամբ: Այս ընթացքում մենք բոլորս ընկերացանք ու շատ բան սովորեցինք. – նշեց Քրիստինեն:

Ներկայացնելով Վահեին, Քրիստինեն ասաց, որ հիմա քչերը նրա խոսքից կհասկանան, որ սիրիահայ է, այնքան է նա ինտեգրվել Հայաստանում:

Երիտասարդների համարները հաջորդեցին մեկը մյուսին` սիրողական բենդի ելույթը, բեմադրությունը, պարային համարները, ինչպես նաև` դասընթացների ժամանակ արված լուսանկարների ու նյութերի ցուցադրություն:

Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցները հուշանվերներ ստացան: Երիտասարդական բաժնի վարիչ Կատարինա Վարդանյանն ասաց.

- Այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր փորձագետներին, որոնք, իրենց ոլորտներում լինելով առաջատար, այս ամիսների ընթացքում աշխատեցին երիտասարդների հետ: Շնորհավորում եմ մեզ բոլորիս, քանի որ այս ծրագիրը կայացավ: