Նորություններ
Հայկական կարմիր խաչի ընկերությունը 163 մլն դրամի...

Հայկական կարմիր խաչի ընկերությունը 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում

20.12.2019
Հայկական կարմիր խաչի ընկերությունը 163 մլն դրամի ներդրում կանի Գյումրու տուն-ինտերնատում

«Ուրախ եմ Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցության այս նոր հնարավորության  համար, քանի որ բազմաթիվ տարիների փորձը ցույց է տվել, որ ընկերությունը վստահելի գործընկեր է մեզ համար, որը սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություն է մատուցել դրա կարիքն ամենաշատը ունեցող անձանց: Այսօր մենք սկսում ենք համագործակցության նոր փուլ՝ տարեցների խնամքի ծառայությունների ոլորտում, ինչը շատ կարևոր է ոչ միայն այն իմաստով, որ մասնագիտական աջակցություն տրամադրելու է ոլորտում տարիների փորձ կուտակած ընկերությունը, այլև այն պատճառով, որ սա կարող է դաշտում մրցակցային հնարավորություն ստեղծել՝ բարձրացնելով ծառայությունների որակը»,-այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած հուշագրի ստորագրման արարողության ժամանակ ասել է նախարար Զարուհի Բաթոյանը:

 

Հուշագրի շրջանակներում Հայկական կարմիր խաչի ընկերությունը իրականացնելու է Գյումրու տուն-ինտերնատի բնակիչների խնամքը:

Ըստ հուշագրի՝ ընկերությունը պարտավորվում է առնվազն 163 մլն դրամի ներդրում իրականացնել՝ ծառայությունների որակի և կացության պայմանների բարելավման համար, ինչպես նաև վերակնքել աշխատանքային պայմանագրերը տուն-ինտերնատի աշխատակիցներից առնվազն 70 %-ի հետ:

160 խնամյալների համար բնաիրային ներդրումները կկազմեն շուրջ 8.5 մլն դրամ:

«Ի թիվս 192 պետությունների, որտեղ Կարմիր խաչը գործունեություն է ծավալում, փորձում ենք անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու համար այն մարդկանց, ովքեր օգնության, ուշադրության կարիք ունեն: Շնորհակալ եմ այս վստահության համար: Կարող եմ հավաստիացնել, որ մեր կուտակած տարիների փորձը կներդնենք՝ Գյումրու տուն-ինտերնատում բնակվող մեր հայրերին ու մայրերին արժանապատիվ ծառայություններ մատուցելու համար»,- ասել է ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

2020 թ.-ին Հայկական կարմիր խաչի  ընկերությունը առնվազն 87 մլն դրամ կներդնի՝ տուն-ինտերնատի 6 բնակելի հատվածներից 4-ի վերանորոգման և կահավորման համար: Դրանցից մեկը կհարմարեցվի անկողնային խնամքի կարիք ունեցողների համար: 2021 թ.-ին ևս 43 մլն. Դրամ կներդրվի մյուս երկու բնակելի հատվածների վերանորոգման և կահավորման համար: 2022 թ.-ին ընկերությունը պատրաստվում է ներդնել շուրջ ևս 16.5 մլն դրամ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 թ.-ին հաստատությանը կհատկացնի շուրջ 202 մլն դրամ:

 

Նշենք, որ հուշագիրը կգործի մինչև 2022 թ.ի վերջը: Մինչև հուշագրի գործողության ժամկետի լրանալը՝ 2 ամիս առաջ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կստեղծվի աշխատանքային խումբ, որի եզրակացության հիմքով կորոշվի 2023-2024 թթ. համագործակցության նպատակահարմարությունը:

 

www.mlsa.am