Նորություններ
Հիմա արդեն ես ունեմ իմ նոր ընտանիքը՝ Կարմիր...

Հիմա արդեն ես ունեմ իմ նոր ընտանիքը՝ Կարմիր խաչը․ տիկին Գրետա

03.10.2018
Հիմա արդեն ես ունեմ իմ նոր ընտանիքը՝ Կարմիր խաչը․ տիկին Գրետա

- Ծանր ու բազմաթիվ հիվանդություններ, անօգնական հասուն տարիներ, անտարբերություն, միայնակ կյանք և ձեր հայտնությունը, - այսպիսի անկեղծությամբ սկսվեց մեր զրույցը տիկին Գրեդել Բաղդասարյանի հետ, որը Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և ակտիվ ծերացում» ծրագրի Վանաձորի խնամառու է։ Տիկին Գրեդելը երկար տարիներ հայոց լեզու և գրականություն է դասավանդել հարազատ Վարդանլու (այժմ՝ Խնձորուտ) գյուղի թիվ 18 դպրոցում։ Ծրագրի առաջին խնամառուներից է։

- Ունեցել եմ ծանր ու անժպիտ մանկություն, յոթ տարեկանից ընտելացել հոգեմաշ աշխատանքին։ Չորս եղբայր ունեի, որոնք ինձ շատ էին սիրում, բայց քանի որ հայրս շուտ մահացավ, մենք ստիպված էինք օգնել մորս։ Մեծացա, երկու բարձրագույն կրթություն ստացա։ Իմ ուժերով ձեռք բերեցի անշարժ ու շարժական գույք։ Ամուսնացա, ավա՜ղ կարճ տևեց, զգացի կրծքիս տակ բաբախող մանկան սրտի տրոփյուն։ Ավա՜ղ, սրտի վիրահատություն, չծնված տղա երեխայի կորուստ, ամուսնալուծություն, վիշտ, կսկիծ։
Սակայն տիկին Գրետան (այսպես են նրան անվանում մտերիմները) լավ օրեր էլ է ունեցել․ ամենաերջանիկ, ուրախ տարիները մանկավարժական անկեղծ, անբասիր աշխատանքն էր։ Այսօր ահա 40 տարի աշխատած մանկավարժը, որը հայրենիքին տվել է բազմաթիվ լավ մարդիկ, անժառանգ է, միայնակ, երկրորդ կարգի հաշմանդամ է, բազմաթիվ հիվանդություններ, սուր ցավեր, ներվային ջղաձգումներ ունի։ Աշխատանքի մասին հիշողություններից աչքերն ակամայից փայլում են։

- Երբ մտնում էի դասարան, ամեն ինչ հորդահոս գալիս էր, մտնում էի յուրաքանչյուր գրական կերպարի մեջ, - հիշում է նա։ Հիմա էլ շատ լավ հիշում և մեջբերում է հայ պատմավեպերից մի քանի հատված, - գրականությունը կուռքս է եղել, բայց հայոց լեզուն էլ պակաս չեմ սիրել։ Ես ինձ նվիրաբերել եմ իմ սիրելի գործին, դպրոցին, իմ աշակերտներին։

Թոշակի անցնելուց հետո կյանքը կարծես գլխիվայր շուռ եկավ, չկար այլևս պաշտելի աշխատանքը, և Գրետա տատիկը սկսեց ապրելու և տնից դուրս գալու համար ուրիշ հետաքրքրություններ որոնել։ Սակայն տարիներն իրենց գործն արեցին, և շենքի 5-րդ հարկից բարձրանալ-իջնելն ավելի էր դժվարանում։ Մի օր ծանոթներից մեկը նրան խորհուրդ տվեց դիմել Հայկական Կարմիր խաչի ընկերության Լոռու մարզային մասնաճյուղ՝ գուցե մի բանով օգնեն։

- Սպասելիքներս արդարացան, դեռ մի բան էլ ավելի։ Բացվեց այս դուռը, առանց դեմք ու դիրք հաշվի առնելով դիմավորեց ողջ կոլեկտիվը՝ մի հոգի, մի մարմին դարձած։ Այնպիսի մարդկային ջերմ վերաբերմունք, հոգատարություն, ուշադրություն ու կամեցողություն են ցուցաբերում իմ հանդեպ։ Ես գտնում եմ, որ հենց ղեկավարությունից է գալիս, որ աշխատողներն այսքան լավն են,- նշում է նա։ - Անհատական մոտեցմամբ նրանք կարողանում են թափանցել յուրաքանչյուրիս հոգեներաշխարհ։ Մանեիս հետ (տնային խնամողի) արդեն մի տարուց ավելի է, ինչ հարազատացել ենք։ Անընդհատ հոգեկան մերձեցման մեջ եմ նրա հետ, ասեմ, որ խիղճն էլ առաջին պլանում է։ Նախորդ տարի հենց նրա օգնությամբ էլ մշակեցի փոքրիկ այգիս, բերք ստացա, մինչև հունվար ամիսը բավականացրեց։ Բայց այս տարի արդեն էլ ի վիճակի չեմ, գրեթե տանից դուրս չեմ գալիս, - վերջում էլ ավելացրեց, - Մանե ջա′ն, բա ես կմոռանամ, որ Նոր տարուն անգամ դու ինձ շնորհավորեցիր շատ ջերմ։ Իհարկե, երբ հարազատներիցդ էլ շատերը կամ երկրում չեն, կամ էլ ի վիճակի չեն քեզ օգնելու, շատ ավելի ես զգում ձեր նման բարի մարդկանց կարիքը։ Հիմա արդեն ես ունեմ իմ նոր ընտանիքը՝ Կարմիր Խաչը, - ավելացնում է տիկին Գրետան։

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը, համագործակցելով Շվեյցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ՝ 2016 թվականի մայիս ամսից, ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում իրականացնում է «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և ակտիվ ծերացում» ծրագիրը։ Այն ունի 2 կոմպոնենտ «Տնային խնամք» և «Ակտիվ երկարակեցություն»։ Ծրագրի նպատակն է՝ բարելավել տարեցների, քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց և հաշմանդամների կյանքի որակը՝ ինտեգրացված առողջապահական և սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավման միջոցով։

«Տնային խնամք» բաղադրիչը Լոռու մարզում իրականացվում է Վանաձորում, սկսվել է 2016 թվականի հոկտեմբերից։ Ծրագրի սկզբում շահառուների թիվը 20 էր, ներկայումս Լոռու ՄՄ խնամքի կենտրոնի կողմից սպասարկվում է 51 մարդ, իսկ մինչև 2018 թ․ տարեվերջ նախատեսվում է շահառուների թիվը հասցնել 100-ի։ 
Շահառուները ստանում են պրոֆեսիոնալ բուժքույրական խնամք (3 բուժքույրեր), տնային խնամողի (6 տնային խնամողներ) և կամավորների (16 կամավորներ) աջակցություն, խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ, հիգիենիկ պարագաներ։

Գոհար Չոբանյան
ՀԿԽԸ Լոռու ՄՄ կամավոր