Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը...

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Երևանում բնակվող 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների

09.09.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Երևանում բնակվող 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ս․թ․ սեպտեմբեր ամսին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ, մարդասիրական օգնության փաթեթներ է տրամադրում Երևանում բնակվող 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների։

 

Մարդասիրական օգնությունը տրամադրվում է Երևանի վարչական շրջանների հետ համագործակցությամբ։ Շահառուների ցանկերը տրամադրվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում, ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանած պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների մեկ ամսվա համար նախատեսված նվազագույն զամբյուղի, սննդով և հիգիենիկ պարագաներով աջակցել  է Քովիդ-19 համավարակով պայմանավորված առավել խոցելի մոտ  30 000 անձի՝ հանրապետության ամբողջ տարածքում, հասանելի լինելով 925 քաղաքային և գյուղական համայնքներից 792-ում։ 

 

Մարդասիրական օգնության փաթեթները Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հասցնում են շահառուների տներ՝ այդ կերպ պաշտպանելով նրանց վարակից։ Աջակցությունը շարունակական է։ 

Շահառու խմբերն են․ միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով մեկուսացվածներ, ինքնամեկուսացվածներ, վարակվածներ, անհայտ կորածների ընտանիքներ, ականներից տուժածներ, բազմազավակ և խոցելի ընտանիքներ։ 

                                                                  

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իր 11 մարզային, մեկ տարածաշրջանային, և 52 համայնքային մասնաճյուղերի ցանցով,  փորձառու և նվիրված անձնակազմով, տարեկան կտրվածքով մոտ 3000 կամավորներով COVID-19 արձագանքի գործողություններում աջակցող կառույց է պետական մարմիններին՝ մարդասիրական ոլորտում:

ՀԿԽԸ-ն ներգրավված է ՀՀ փոխվարչապետի հովանու ներքո ստեղծված ազգային արձագանքման համակարգում և Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ բոլոր մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և համակարգմամբ, իրականացնում է գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի կարիքներին համապատասխան արձագանքմանը։

Քովիդ-19 համավարակին ՀԿԽԸ արձագանքին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերության գործողությունները Covid-19 համավարակի ընթացքում: Արձագանքի մասին պատմող տեսաֆիլմը կարող եք նայել հետևյալ հղումով:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

 Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 100 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն: