Նորություններ
Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի...

Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

24.03.2019
Մարտի 24-ը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է

- Հոգեբանորեն շատ դժվար է, երբ մարդուն ասում ես, որ իր հիվանդությունը հաղթահարելու համար պետք է լավ սնվի, բայց տեսնում ես, որ նա դրա հնարավորությունը չունի։

Նելի Ներսիսյանը Հայկական Կարմիր խաչի ընկերությունում աշխատում է արդեն մոտ 40 տարի, որից 18-ը ներգրավված է եղել տուբերկուլյոզով հիվանդներին ուղղված ծրագրերում։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) երկրում՝ տուբերկուլյոզով հիվանդների հետ աշախատող հիմնական դերակատարներից է եղել և մոտ ութ տարի աջակցել է Առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի ազգային ծրագրի իրականացմանը։

Հանդիսանալով Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Սոցիալ-հոգեբանական աջակցություն տուբերկուլոզով հիվանդներին» ծրագրի ենթաստացող՝ ՀԿԽԸ-ն իրականցրել է սոցիալ-հոգեբանական աջակցության և կրթական մասը` Հայաստանում գրանցված բոլոր` ինչպես դեղազգայուն, այնպես էլ դեղորայքակայուն ՏԲ հիվանդներին տրամադրելով սոցիալ-հոգեբանական աջակցություն և հիվանդության ու բուժման վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ և տեղեկատվություն: Միևնույն ժամանակ, ԿԽՄՖ հետ համագործակցությամբ, հնարավորություն է եղել աշխատելու հատկապես խոցելի դեղորայքակայուն ՏԲ հիվանդների հետ, որոնք ստացել են անհատական հոգեբանական խորհրդատվություն և սոցիալական աջակցություն։

- Հիվանդների մեծ մասը սոցիալապես անապահով մարդիկ են, ովքեր չունեն բնակության հիմնական վայր, հեռախոս և ամենակարևորը տեղեկատվության պակաս ունեն՝ չգիտեն, թե ինչ կլինի բուժումը դադարեցնելու կամ դեղորայքը անհետևողականորեն ընդունելու դեպքում, իսկ դրա արդյունքը կարող է լինել դեղորայքակայունության զարգացումը, ինչը ավելի կբարդացնի հետագա բուժուման գործընթացը - ասում է Նելի Ներսիսյանը։

Տուբերկուլոզի՝ այդ թվում և հիվանդության դեղորայքակայուն ձևերի, խնդիրը դեռ ակտուալ է բնակչության խոցելի խմբերի շրջանում, ինչպես օրինակ անտուն մարդիկ, ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքները, աշխատանքային միգրանտներն ու նրանց ընտանիքի անդամները։

- Ընտանիքները երբեմն դեմ են լինում մեզ հետ շփմանը, որպեսզի հարևանները չտեսնեն ու չիմանան, և մենք պայմաններ ենք ստեղծում այլ վայրերում հանդիպելու և զրուցելու համար, - դժվարությունները նկարագրելիս պատմում է Նելի Ներսիսյանը։

Ներկա պահին ՀԿԽԸ-ն, ՏԱԿ ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ և Գլոբալ ֆոնդի ֆինանսավորմամբ, իրականացնում է «Խարանի և խտրականության նվազեցում և սոցիալ-հոգեբանական աջակցություն» տուբերկուլյոզով հիվանդներին ծրագիրը։ Շահառուներն են այն հիվանդները, որոնք 90 տոկոսից ցածր հաճախելիություն ունեն պոլիկնիլիկաներ։

- Մենք հետևում ենք, որպեսզի իրենք շարունակեն բուժումը, հոգեբանական աջակցություն ենք ցույց տալիս ընտանիքի անդամներին, և զրույցներ ու միջոցառումներ ենք կազմակերպում՝ խարանի ու խտրականության վերաբերյալ, սերտ կապի մեջ ենք առաջնային օղակում աշխատողների հետ։ Մեծ է մեր կամավորների դերը, որոնք հետևում են, որ բուժումը հետևողական լինի, հանդիպում և զրուցում են հիվանդանոցից նոր դուրս գրված հիվանդների հետ։

Բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի շնորհիվ Հայաստանը Տուբերկուլյոզի վերահսկման ոլորտում գրանցել է լուրջ ձեռքբերումեր. հիվանդացության ցուցանիշը 2016 թվականին նվազել է 42.4 տոկոսով՝ 2007 թվականի համեմատ։ Ըստ Առողջապահության նախարարության՝ 2017թ.–ին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 195 նոր դեպք։ Այդ ցուցանիշը 14 տոկոսով ավելի քիչ է, քան 2016թ.–ին։ 2017թ.–ի տվյալներով` Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացությունը յուրաքանչյուր 100 հազարից կազմել է 23.1։ Այդ ցուցանիշը 2016թ.-ին ավելի բարձր է եղել և կազմել 100 հազարից 27.4։ 2017թ.-ին տուբերկուլյոզից մահացել է 55 մարդ։

Այս տարի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը միացել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի, ՀՀ Առողջապահության նախարարության (ՀՀ ԱՆ) և ՀՀ ԱՆ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի (ՏԱԿ) նախաձեռնած հանրային իրազեկման միջոցառումների շարքին՝ նվիրված Տուբերկուլյոզի (ՏԲ) դեմ պայքարի համաշխարհային օրվան:

- Մենք ՏԱԿ-ի տրամադրած Թվային ֆլյուրոգրաֆիայի մեքենայով շրջելու ենք Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Արագածոտնի հեռավոր համայնքներում և հետազոտելու ենք տուբերկուլյոզին բնորոշ աշխտանշաններ ունեցող անձանց։ Բոլոր հետազոտությունները կազմակերպվելու են բժիշկ-թոքախտաբանների հետ խորհրդակցելով: Տուբերկուլյոզի օրվան նվիրված միջոցառումներին ակտիվ մասնացելու են մեր կամավորները: Ամերիկյան համալսարանի կողմից իրազեկման տպագիր նյութեր են տրամադրվել, որոնք տեղում կբաժանվեն և միջոցառումների մասնակիցների կողմից կտրամադրվի բանավոր տեղեկատվություն։

Տուբերկուլյոզը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, սակայն վարակված լինելու պարագայում, հիվանդության զարգացման համար անհրաժեշտ են նպաստող գործոններ, որոնք հիմնականում նվազեցնում են օրգանիզմի դիմադրողականությունը (օրինակ՝ թերսնում, անբարենպաստ սոցիալական պայմաններ, ուղեկցող հիվանդություններ և այլն): Այնուամենայնիվ, տուբերկուլյոզով կարող է վարակվել և հիվանդանալ ցանկացած մարդ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից և սոցիալական վիճակից:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդիկ երեք անգամ ավելի շատ են հիվանդանում, քան կանայք:

Տուբերկուլյոզի ախտանշաններն են՝ հազ` խորխարտադրությամբ, որը տևում է երկու շաբաթ և ավելի, արյունախխում, գիշերային քրտնարտադրություն, երկարատև, ոչ բարձր ջերմություն (37-37,5°C), հևոց, ցավ կրծքավանդակում, քաշի կորուստ, ախորժակի բացակայություն, ընդհանուր թուլություն: Այս ախտանիշներից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի, ով կիրականացնի տուբերկուլյոզի ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները, որոնցից են օրինակ՝ խորխի հետազոտությունը, ռենտգեն հետազոտությունը և այլն: 
Տուբերկուլոզը լիովին բուժելի է, եթե ժամանակին հիվանդը ախտորոշվի և խստորեն հետևի մասնագետի խորհուրդներին: Առկա են տուբերկուլյոզի բուժման համար արդյունավետ դեղամիջոցներ, որոնք հասանելի են Հայաստանում և պացիենտներին տրամադրվում են անվճար: