Նորություններ
Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի...

Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

11.07.2019
Հանդիպում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարի հետ

Հուլիսի 10-ին ՀՀ Աշխատանի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հանդիպեց Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) նախագահ Մխիթար Մնացականյանին և գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին։ Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՀԿԽԸ սոցիալական ուղղվածության գործունեությունն ու ծրագրերը, քննարկել համագործակցության հետագա հնարավորությունները։

-          Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պատրաստ է իր ունեցած բոլոր ռեսուրսները, կարողություններն ու փորձառությունն առաջարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներն առավել արդյունավետ և արագ իրականացնելու ուղղությամբ: Մեր ընկերությունը Կառավարությանն աջակցող մարդասիրական կառույց է, որի գործունեության առաջնահերթությունները շատ մոտ են ձեր ղեկավարած կառույցի ռազմավարությանը,- ասաց  Հայկական Կարմիր խաչ ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:

ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը ներկայացրեց Հայկական Կարմիր խաչի ընկերության կառուցվածքն ու գործունեությունը, նշված ոլորտում իրականացվող ծրագրերը, շեշտելով, որ կազմակերպությունը երկրում տեղայնացնում և կիրառում է Կարմիր խաչի միջազային շարժման հարուստ փորձը, իսկ կամավորական ներուժի ներգրավումը հնարավորություն է տալիս ներկայություն ունենալ նույնիսկ ամենահեռավոր ու դժվար հասանելի համայնքներում։  

Նախարարը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և նշել, որ բարձր է գնահատում ընկերության իրականացրած աշխատանքը՝ հատկապես տարեցների տնային խնամքի և սոցիալ-հոգաբանական ծառայությունների ոլորտում.

-          Մեզ համար կարևոր է ոչ միայն մեր ունեցած համագործակցության պահպանումը, այլև դրա հնարավոր ընդլայնումը, որովհետև մենք գնահատում ենք մեր գործընկեր կազմակերպությունների կուտակած լուրջ փորձառությունն ու գիտելիքները՝ իրենց գործունեության ոլորտներում, և համարում ենք, որ դրանք կարող են նաև շատ լավ մոդել դառնալ պետական համակարգի աշխատանքի համար: Մեր բոլոր ծրագրերի հիմքում դրված է իրավունքահեն մոտեցումը, և համայնքային ծառայությունների զարգացումն ու ներառական հասարակության ձևավորումը մեզ համար շատ կարևոր են: Այս համատեքստում հասարակական կազմակերպությունների կուտակած փորձը շատ գնահատելի է,-ասել է նախարար Բաթոյանը:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ տարեցների խնամքի համայնքային ծառայությունների զարգացումը նախարարության առաջնահերթություններից է: Օրերս հանրային քննարկման են ներկայացվել «Տարեցների խնամքի ապաինստիտուցիոնալացման և այլընտրանքային համայնքային ծառայությունների զարգացման հայեցակարգային ուղղությունները»: