Նորություններ
Ապահով և դրական միջավայր՝ ԼՂ հակամարտությունից...

Ապահով և դրական միջավայր՝ ԼՂ հակամարտությունից տուժած երեխաների համար

12.01.2021
Ապահով և դրական միջավայր՝ ԼՂ հակամարտությունից տուժած երեխաների համար

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն աջակցում է ԼՂ հակամարտությունից տուժած երեխաներին՝ հաղթահարելու իրենց հոգեբանական խնդիրները:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության «Երեխաների կայուն զարգացում» ծրագիրը, որը գործում է 2014 թվականից, ներկայումս՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ ապահովում է անվտանգ, ներառական և դրական միջավայր, Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տուժած շրջաններից եկած երեխաների համար:

 

Աննա Կիրակոսյանը Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տուժած շրջաններից իր երկու փոքրիկների՝ Սաթենիկի և Գարիկի հետ, հեռացել է սեպտեմբերի 27-ին։ Նրանք հիմա մասնակցում են այս ծրագրին:

 

 -Մենք արթնացանք ուժեղ կրակոցներից և պայթյուններից։ Դրանք ոչնչացրել էին մի կամուրջ, որն ընդամենը մի փողոց էր հեռու մեր տնից:  Երեխաներն այնքան վախեցած էին, - պատմում է Աննան այդ օրվա մասին։

 

Նա ասում է, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից նրանց մեծ օգնություն է տրամադրվել, այդ թվում՝ սնունդ, հիգիենայի ծանրոցներ և անկողնային պարագաներ: Եվ, ամենակարևորը Աննայի համար՝ նա կարող է հանգիստ լինել, որ իր երեխաներին աջակցում են։

 

-Երբ երեխաները գնում են մասնակցելու «Երեխաների կայուն զարգացում» ծրագիրին, ես չեմ անհանգստանում, որ նրանք քաղցած կամ անապահով կլինեն: Ծրագրի շրջանակներում տրամադրում են նաև նախուտեստներ և ըմպելիքներ, - ասում է նա:

 

Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունից տուժած երեխաների սեմինարները անցակցվում էին այն հյուրանոցներում և կացարաններում, որտեղ նրանք ապաստանել էին, իսկ հիմա տեղափոխվել են դպրոցներ, քանի որ երեխաներն արդեն ներգրավվել են դասապրոցեսներում կամ վերադարձել են իրենց բնակավայրերը:

 

 Հատուկ պատրաստվածություն անցած կամավորների կողմից անցկացվող մի շարք սեմինարների միջոցով երեխաները ծանոթանում են միմյանց հետ, իսկ ինտերակտիվ դասընթացների միջոցով՝ հնարավորություն են ունենում արտահայտելու իրենց զգացմունքները:

 

Աննան ասում է, որ երեխաների մեջ փոփոխություններ է նկատում.

 

- Ես տեսնում եմ փոփոխություններ աղջկաս և որդուս մեջ: Օրինակ՝ տղաս չէր ցանկանում շփվել մարդկանց հետ, բայց այժմ ավելի բաց է և պատրաստ է ձեռք բերել նոր ընկերներ:

 

 Այս ծրագիրն իրականացվում է կամավորների մեծ ցանցի միջոցով: Շատերը կամավորություն են անում արդեն մի քանի տարի, մյուսներն էլ սկսել են իրենց կամավորությունը՝ ականատես լինելով հակամարտության սրմացմանը և դրա ազդեցությանը մարդկանց վրա:

 

Բոլոր կամավորներն անցնում են Սոցիալ-հոգեբանական աջակցության և առաջին հոգեբանական  օգնություն թեմաներով խորացված դասընթացներ՝ գործնական ուսուցման հետ միասին:

 

Ամալյա Սարիբեկյանը «Երեխաների կայուն զարգացում» ծրագրի կամավոր է: Նա ասում է, որ նախընտրում է աշխատել փոքր երեխաների հետ նրանց յուրահատուկ մտածելակերպի համար: Ամալյան նկատում է, թե հակամարտությունն ինչ  ազդեցություն է թողել երեխաների վրա:

«Դու տեսնում ես երեխաների, որոնք շատ բաների միջով են անցել, և, թեպետ, ժպտում են, միևնույն է աչքերում դեռ տեսնում ես այդ ցավը։ Այս ամենը դրդում է, ստիպում է շարունակել անել ինչ-որ բան՝ օգնելու համար»,-ասում է Ամալյան:

 

Ավելի քանի 2600 երեխա և դեռահաս աջակցություն են ստացել ծրագրի միջոցով, շատ մասնակիցներ մտերմացել են՝ կապի մեջ մնալով նույնիսկ ծրագրի ավարտից հետո:

 

 - Շատ լավ միջավայր է, որտեղ ես կարող եմ ձեռք բերել ընկերներ: Մենք շատ նոր բաներ ենք սովորում, ունենում՝ լավ քննարկումներ, փոխանակում՝ մեր մտքերը, -ասում է ծրագրի մասնակից 17-ամյա Լիանա Մկրտչյանը:

 

Երեխաների ծնողները նույնպես կարևոր դեր են խաղում: Կամավորները հանդիպում են ծնողների հետ՝ քննարկելու իրենց երեխաների կարիքները, ծանոթացնում են Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանների հետ՝ անհրաժեշտության դեպքում հետագայում  աջակցության ստանալու համար:

 

Կարմիր խաչի աջակցությունը ոչ միայն երեխաներին, այլև մասնակիցների ծնողներին և խնամողներին է օգնում:

 

Վերա Խաչատրյանն ու նրա ընտանիքը Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տուժած շրջաններից են, և տասնամյակներ շարունակ կրում են դրա հետևանքները: Վերայի համար չափազանց կարևոր էր իմանալ, որ իր թոռնիկներին աջակցում են:

 

Վերան նկատում է, թե ծրագրի շնորհիվ ինչ փոփոխություններ են եղել թոռնիկների մեջ․

 

- Նրանք դեռ նոր էին սկսել դասերը Կարմիր խաչի հետ, բայց ես արդեն նկատում էի, որ երեխաներն արդեն այդքան էլ չեն կենտրոնանում պատերազմի և բոլոր այլ վատ բաների վրա: Հիմա նրանք տուն են գալիս և պատմում, թե ինչ են սովորել, ինչ են սովորեցրել կամավորները, մենք միասին դա քննարկում ենք: - Կարմիր խաչը մեզ տրամադրել է նաև սննդի աջակցություն, տաքացուցիչներ՝ այս ընթացքում օգտագործելու համար: Կամավորներն ու աշխատողները հաճախ են զանգահարում մեզ՝ հարցնելու, թե ինչպես ենք մենք, ինչպես են երեխաները: Ես այնքան երախտապարտ եմ Կարմիր խաչին, այն ամենի համար, որ անում է։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից երեխաների և երիտասարդների համար իրականացվող ծրագրերի մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝

https://www.redcross.am/en/what-we-do/red-cross-youth.html։

 

 Ջեսիկա Թիմինգս

 Հաղորդակցման համակարգող

ԿԽՄՖ, Հայաստան