Նորություններ
Հայկական Կարմիր խաչի ընկերության...

Հայկական Կարմիր խաչի ընկերության գործողությունները՝ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության ընթացքում

26.03.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերության գործողությունները՝ Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության ընթացքում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում և երկրում ամենախոշոր կամավորական կազմակերպություն, ինչպես նաև ներկայացվածություն ունենալով բոլոր մարզերում և բազմաթիվ համայնքներում, մշտապես կանգնած է կառավարության և բնակչության կողքին։


 

07.04.2020


Covid-19-ի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության առաջին իսկ օրվանից, ՀԿԽԸ-ն՝ Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ բոլոր մարզպետարանների և Երևան քաղաքի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և համակարգմամբ, իրականացնում է գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի կարիքներին համապատասխան արձագանքմանը։

Այս ընթացքում՝ արտակարգ ռեժիմով շարունակում են գործել Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները, կամավորները՝ ըստ կարիքի այցելում և օգնում են աջակցության կարիք ունեցող տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու հարցում

ՀԿԽԸ կողմից իրականացվող խնամքի բոլոր ծառայությունները նույն ռեժիմով շարունակում են իրենց աշխատանքը, մարդասիրական օգնություն է տրամադրվում միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և փախստականներին։

 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հաշվի առնելով համավարակի պատճառով խոցելի խմբերի վատթարացող սոցիալական վիճակը, ակտիվորեն իրականացնում է տեղական և միջազգային ռեսուրսների հայթայթման գործընթաց։

Արդյունքում, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ապրիլ-մայիս ամիսների ընթացքում կաջակցի 11 050 մարդու Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանած պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների զամբյուղի հիման վրա: Շահառուները կհանդիսանան անժառանգ և միայնակ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձիք:

 

Մարտի 27-ից ապրիլի 5-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ,  Covid-19-ի համավարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, իրականացրեց ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում։

Արմավիրի, Շիրակի, Լոռու մարզերում և Երևանում բնակվող միայնակ անժառանգ թոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, մանկատան շրջանավարտներ և անօթևաններ՝ թվով 1026 հոգի, ստացան սննդի փաթեթներ։

Նվիրատուներն են՝«Միլքո» (ՓԲԸ), «Սեվանի իշխան» (ՓԲԸ), «Սոնանուշ» (ՍՊԸ), «Գրին ֆարմեր» (ՍՊԸ), «Էկո ֆրեշ մաշրումս» (ՍՊԸ), «Ինգո Արմենիա» (ՍՊԸ), «Ագրո թրեյդ» (ՍՊԸ), «Գոլդեն բեյքրի», «Ռոյալ - Արմենիա», «Սմօգսոյոիզ» ՍՊԸ

 

«Իմ քայլը» հիմնադրամի հետ համագործակցությամբ, հիմնադրամի կողմից ձեռք բերված պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների փաթեթներ կբաշխվեն Արագածոտնի մարզի 351 միանակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց:

 

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։

Նշված ամբողջ գործունեությունն իրականացվում է և շարունակական է մեր գործընկերների շնորհիվ՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների միջազգային ֆեդերացիա, Կարմիր  խաչի միջազգային կոմիտե, Դանիական Կարմիր խաչ, ԱՄՆ կառավարություն, Եվրամիություն: 

 

 

06.04.2020


Համագործակցություն՝ "Իմ քայլը" հիմնադրամի հետ


«Իմ քայլը» հիմնադրամը, առաջնորդվելով սոցիալական պատասխանատվության սկզբունքով և ելնելով Հայաստանում COVID-19-ով պայմանավորված Արտակարգ դրության պայմաններում հիվանդության տեսակետից ռիսկային համարվող խմբերին շտապ աջակցելու անհրաժեշտությունից՝ որոշել է համատեղել իր ջանքերն ու ռեսուրսները Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ: Երկու կազմակերպությունների՝ Պարետատան հետ համադրված ջանքերն ուղղված են Արտակարգ դրության պայմաններում խոցելի համարվող խմբերին աջակցություն ցուցաբերելուն։

 

Այս շաբաթվա ընթացքում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սահմանած պարենային և պաշտպանական միջոցների փաթեթներ կտրամադրվեն Արագածոտնի մարզի միայնակ տարեցներին, հաշմանդամություն ունեցող և խոցելի անձանց, որոնցից 356-ին՝ Հայկական Կարմիր խաչի կամավորական խմբերի, իսկ 70-ին Սոցիալական ապահովության տարածքային բաժինների աշխատակիցների միջոցով: Շահառուների ցանկը տրամադրել է Արագածոտնի մարզպետարանը:

 

Համայնքներում տնտեսական ակտիվությունը խրախուսելու նպատակով բոլոր փաթեթները ձեռք են բերվել տեղի տնտեսվարողներից։



28․03․2020

19։00

 

ՀՀ կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ,  կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, ՀԿԽԸ-ն իրականացնում է ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում։

 

Շահառուներն են Արմավիրի և Շիրակի մարզերում բնակվող միայնակ անժառանգ թոշակառուներ և Երևան քաղաքի անօթևաններ՝ ընդհանուր թվով 1000 հոգի: Բաշխումն սկսվել է ս․թ․ մարտի 27-ից:

 

                    

 

 

Նվիրաբերված սննդի տեսակավորման և փաթեթավորման տեսանյութը՝ այս հղումով․ ՀԿԽԸ արձագանքը՝ կորոնավիրուսի համաճարակին։ 

 


28.03.2020 

12։00

Միացյալ Նահանգները 1,1 միլիոն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների համար։ Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով:

Վերջինիս միջոցով մոտ 400՛000 ԱՄՆ դոլարի աջակցություն կստանա Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որը, հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, Հայաստանում համաճարակի բռնկման առաջին իսկ օրվանից, պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության, ՀՀ բոլոր մարզպետարանների և Երևան քաղաքի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ ու համակարգմամբ, ակտիվորեն ներգրավված է համաճարակին արձագանքելու գործառույթներում:

Տվյալ աջակցության շնորհիվ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության հետ համագործակցությամբ՝ միայնակ տարեցներին, անժառանգներին, կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող թվով 7000 անձանց, կտրամադրի սոցիալական աջակցություն՝ սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթների տեսքով:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը նաև ՀՀ ողջ տարածքում կիրականացնի բնաչության իրազեկվածության բարձրացմանն ուղղված գործառույթներ՝ համաճարակից պաշտպանվելու և ռիսկը նվազեցնելու նպատակով:

Նշված գործընթացներում կընդգրկվեն Հայկական կարմիր խաչի ընկերության պատրաստված կամավորները, որոնք՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կկրեն Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից տրամադրած անվտանգության միջոցներ՝ դիմակներ և ձեռնոցներ։

Այս պահին նույն թափով և ծավալով շարունակվում են նաև ստորև նշված՝ մարտի 17-ից 26-ը ձեռնարկված բոլոր նախաձեռնություններն ու գործընթացները։

 


 26․03․2020

 

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին, առաջին իսկ օրվանից, ՀԿԽԸ-ն՝ պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Առողջապահության նախարարության, ՀՀ բոլոր մարզպետարանների և Երևան քաղաքի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և համակարգմամբ, իրականացնում է հետևյալ գործառույթները․

-        Արտակարգ ռեժիմով գործում են Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, հեռ․ +374 60 625069, Իսահակյան 28, +374 60 627070, էլ․ փոստ pss@redcross.am, Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, gegharkunikrb@redcross.am, Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, tavushrb@redcross.am)՝ բնակչությանը հուզող հարցերին արձագանքելու, խորհրդատվություն տրամադրելու և համապատասխան կառույցներ ուղղորդելու նպատակով:

-        ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մոբիլիզացնելով իր ողջ կամավորական ներուժը, օգնում է աջակցության կարիք ունեցող տարեցներին, անժառանգ տարեցներին, կենսաթոշակառուներին ու հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու, բջջային հեռախոսներ լիցքավորելու հարցում, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը, հաշվի առնելով այն, որ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են վարակի նկատմամբ։

-        ՀԿԽԸ կամավորները` Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ են՝ պարզելու նրանց կարիքները և փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։

-        ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։ Ավելին, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, իր ընթացիկ ծրագրերի շրջանակներում սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթներ է բաշխում թվով 1400 մարդու` մեկ և երեք ամիսների համար, կախված ծրագրային հնարավորություններից: ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության հետ համագործակցությամբ, այս պահի դրությամբ բաշխվելու են սննդի և հիգիենիկ պարագաներ թվով 108 մարդկանց: Փաթեթները կկազմվեն հիմնվելով ՀՀ աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու համար մինիմալ  զամբյուղի հաշվարկի վրա: Հայկական Կարմիր խաչի ընկերության լրացուցիչ հայթայթած միջոցներով ևս Սյունիքի և Տավուշի մարզերի 800 կենսաթոշակառուներ և անժառանգ մարդիկ կստանան սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ նախատեսված մեկ ամսվա համար: Բաշխումը կիրականացվի ապրիլ ամսին: Ներկայումս ՀԿԽԸ-ն վարում է ռեսուրսների հայթայթման գործընթաց և հաստատվելուն պես թվով ևս 7000 շահառուներ՝ տարեցներ, անժառանգներ, կենսաթոշակառուներ և հաշմանդամություն ունեցող անձիք կստանան սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ մեկ ամսվա համար՝ ապրիլ ամսին:

Ներկայումս ՀԿԽԸ-ն նաև իրականացնում է ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում 1000 հոգու, Արմավիրի և Շիրակի մարզերում բնակվող միայնակ անժառանգ թոշակառուների և Երևան քաղաքում առկա անօթևանաների: Բաշումը նախատեսվում է մարտի 27ից սկսած: Այս գործընթացը նույնպես իրականացվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության հետ համագործակցությամբ և համակարգմամբ:

Ընդհանուր առմամբ ՀԿԽԸ կաջակցի սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթներով 10308 մարդու:

-        Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համագործակցում է ՀՀ բոլոր մարզպետարանների հետ՝ իր կենտրոնական գրասենյակի և մարզային մասնաճյուղերում ստեղծված հատուկ շտաբի միջոցով: Աջակցություն է տրամադրվում սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթների տեսակավորման, փաթեթավորման և բաշխման, ինչպես նաև իրազեկության բարձրացման և այլ գործառույթներով: Գործառույթներն իրականացվում են մարզպետարանների կողմից բարձրաձայնած կարիքների հիման վրա:

-        Հայկական Կարմիր խաչի ընկերության թարգմանիչների ցանկը փոխանցվել է ՀՀ Առողջապահության նախարարությանը, որպեսզի նախարարության թեժ գծով զանգահարող օտարալեզու դիմողներն ուղղորդվեն Հայկական Կարմիր խաչի ընկերություն և ունենան իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։

-        Կամավորների միջոցով հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը բաժանվել են իրազեկող թռուցիկներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ։ Ներկայիս տեղաշարժվելու սահմանափակումներից ելնելով, իրազեկման գործընթացը շարունակվում է թռուցիկների միջոցով, որոնք բաժանվում են սննդային և հիգիենիկ փաթեթները հանձնելու հետ մեկտեղ:

-        Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պարետատանն է ներայացրել իր տնօրինության տակ գտնվող արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման և հումանիտար օգնության համակարգման կետրոնի հնարավորությունները և պատրաստակամությունը կիրառելու կենտրոնի տեխնիկական հնարավորությունները տվյալ համաճարակի իրավիճակում: Կենտրոնի կողմից իրականացվում է արտակարգ իրավիճակներում հասցեական արձագանքման սցենարների մշակում և գործարկում։ Այսինքն՝ առկա է առցանց կառավարման աշխատանքային գործիք /ծրագիր/, որը հնարավորություն է տալիս ունենալ ամփոփ տեղեկատվություն/պատկեր հետևյալի վերաբերյալ՝

1․ նախանշված խոցելի խմբերի տեղակայվածությունը՝ ըստ մարզերի, քաղաքների, ընդուպ մինչև համայնքներ

2․ կանխարգելման և արձագանքման ռեսուրսների (մարդկային, նյութական ռեսուրսների և այլն) առկայությունը (բազա)

3․արտակարգ իրավիճակների գործողությունների շրջանակը և համապատասխան գործառույթները՝ ըստ նախանշված սցենարի

Արդեն իսկ ձևավորված է համաճարակին ՀԿԽԸ արձագանքման սցենարը՝ վերոնշված տեղեկատվությունով:

-        ՀԿԽԸ-ն առցանց հարթակներում տարածում է իրազեկող նյութեր ու հոլովակներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ։

-        Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ակտիվացրել է իր "Որոնում" ծառայությունը՝ Ընտանեկան կապերի վերականգմանն աջակցելու համար: Հայաստանում և արտերկրում հարազատների հետ կապը կորցրած անձինք կարող են դիմել ՀԿԽԸ էջերում տեղադրված հատուկ հեռախոսահամարներով: 

 

                     

 

Կամավորներն իրենց գործունեության ընթացքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կրում են Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից տրամադրած անվտանգության միջոցներ՝ դիմակներ և ձեռնոցներ։

 

 ---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

24.03.2020

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝  Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղված իրավիճակում իր մարդասիրական առաքելությունն իրականացնելու և խոցելի խմբերի կարիքները հնարավորինս մեղմելու համար կոչով դիմել է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիային՝ ռեսուրսներ հայթայթելու համար:

Ներկայիս դրությամբ հայթայթվել է 100 000 շվեյցարական ֆրանկ, որի շրջանակներում նախատեսվում է․

Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 800 միայնակ կենսաթոշակառուների սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրում (1 ամսվա համար): Սննդային և հիգիենիկ պարագաների փաթեթները կտրամադրվեն ս․թ․ ապրիլ ամսվա ընթացում:

Ծրագրի շրջանակներում կիրականցվի համաճարակի  վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված գործունեություն, հատուկ պատրաստված և անհատական պաշտպանության միջոցներով զինված կամավորների միջոցով:



22.03.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` Հայկական կարմիր խաչի ընկերությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա  փաթեթներ է տրամադրում  աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների:

Շահառուներն են հանրակացարաններում բնակվող, միայնակ և հաշմանդամություն ունեցող տարեցներ, այդ թվում՝ սիրիահայ փախստականներ։


 

17.03.2020

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին ՀԿԽԸ-ն կիրականացնի հետևյալ ծառայությունները․

 

1․ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ արտակարգ ռեժիմով կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, հեռ․ +374  60 625069, Իսահակյան 28, +374 60 625070, էլ․ փոստ pss@redcross.am, Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, gegharkunikrb@redcross.am, Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, tavushrb@redcross.am), որտեղ ՀԿԽԸ հոգեբանները  կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։

 

2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մոբիլիզացնելով իր ողջ կամավորական ներուժը, կօգնի աջակցության կարիք ունեցող տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու հարցում, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը, հաշվի առնելով այն, որ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են վարակի նկատմամբ։  

 

3․ ՀԿԽԸ կամավորները` Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ կլինեն՝ պարզելու նրանց կարիքները և  փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։

 

4. ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։  

 

5.Հայկական Կարմիր խաչի ընկերության թարգմանիչների ցանկը կփոխանցվի ՀՀ Առողջապահության նախարարությանը, որպեսզի նախարարության Թեժ գծով զանգահարող օտարալեզու դիմողներն ուղղորդվեն Հայկական Կարմիր խաչի ընկերություն և ունենան իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։

 

6․Կամավորների միջոցով հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (հանրային տրասնպորտի կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը կբաժանվեն իրազեկող թռուցիկներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ։

 

7․ՀԿԽԸ կամավորներն առցանց հարթակներում կտարածեն իրազեկող նյութեր ու  հոլովակներ՝ կորոնավիրուսից պաշտպանվելու վերաբերյալ։

 

*Կամավորներն իրենց գործունեության ընթացքում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, կկրեն Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից տրամադրած անվտանգության միջոցներ՝ դիմակներ և ձեռնոցներ։