Նորություններ
Ամանորը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում

Ամանորը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում

18.01.2021
 Ամանորը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում

- 2020 թվականը շատ ծանր տարի էր ինչպես մեր երկրի, այնպես էլ մեր կազմակերպության համար՝ Քովիդ-19 համավարակ և պատերազմ, որի հետևանքներին փորձել ենք արագ արձագանքել ԿԽՄԿ, ԿԽՄՖ և մեր այլ գործընկերների աջակցությամբ, - Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում երեկ աշխատակազմի և խնամառուների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը։ - Թեև այսօր ոչ մեկս էլ տոնական տրամադրություն չունենք, այնուամենայնիվ պարզապես հանդիպել ենք ամփոփելու այս մեկ տարին, որի ընթացքում ՀԿԽԸ-ն ստանձնեց կենտրոնի կառավարումը։ Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի միասին կարողանանք առավել արդյունավետ աշխատել՝ ի նպաստ մեր շահառուների։

 

2019 թվականի դեկտեմբերի ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրված հուշագրի համաձայն Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պարտավորվեց ստանձնել Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը՝ կատարելով ներդրումներ, որոնք ուղղված են խնամառուների կյանքի և խնամքի ծառայությունների որակի բարելավմանը։

 

2020 թվականին ծրագրվող վերանորոգման աշխատանքները հետաձգվեցին Քովիդ-19 համավարակի պատճառով, քանի որ տուն-ինտերնատը, որը վերանվանվեց Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի, մարտի 16-ից աշխատում է խիստ կարանտինի պայմաններում։ Այնուամենայնիվ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը վերակնքեց աշխատանքային պայմանագրերը կենտրոնի աշխատակազմի 92 տոկոսի հետ, որոնց աշխատավարձերը բարձրացվեցին։ Մայիսի 1-ից կենտրոնում սահմանվեց շուրջօրյա հերթափոխ, այսուհետ կենտրոնի 6 մասնաշենքերից յուրաքանչյուրն ունի շուրջօրյա խնամող։ Աշխատակազմը պարբերաբար անցնում է դասընթացներ և վերապատրաստումներ։


Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում բնակվում են 65 տարեկանից բարձր 144 միայնակ տարեցներ և հաշմանդամներ, որոնց սպասարկում է 65 աշխատակից։ Ամանորին ընդառաջ նրանք բոլորը ստացան փոքրիկ նվերներ։