Նորություններ
Երբ օգտակար ես լինում մարդկանց, դրա կրկնակին ետ...

Երբ օգտակար ես լինում մարդկանց, դրա կրկնակին ետ ես ստանում. Մերի Վարդանյան

18.02.2020
Երբ օգտակար ես լինում մարդկանց, դրա կրկնակին ետ ես ստանում. Մերի Վարդանյան

Մերի Վարդանյանն արդեն մեկ տարի է, ինչ կամավոր է Հայկական Կարմիր խաչի ընկերության «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնում»։ Ամեն ինչ սկսվեց Հայկական Կարմիր խաչի ընկերության  ֆեյսբուքյան  էջի «Հաղորդակցման հմտություններ» թեմայով դասընթացի հայտարարությունից։ Եկավ, մասնակցեց դասընթացին, ծանոթացավ Սիրիահայերի ինտեգրման ուղղված ծրագրերին և, մեծ ոգևորությամբ, ներգրավվեց:

 

-Կենտրոնի հոգեբանները խորհրդատվություն են տրամադրում սիրիահայերին, իսկ սոցիալական ինտեգրման համար կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ՝ այցեր թանգարաններ, կինոթատրոններ, թատրոններ, էքսկուրսիաներ քաղաքից դուրս: Կազմակերպել ենք հանդիպումներ խոհարարների հետ, դիմահարդարման, ասեղնագործության, խնամքի, առողջության և այլ թեմաններով դասընթացներ,- ասում է Մերին: - Ես կազմակերպչական աշխատանքներով եմ զբաղվում՝ զանգում եմ սիրահայերին, ծանոթացնում ծրագրին, լսում իրենց հետաքրքրությունները, առաջարկությունները:

 

 

Մերին կարծում է, որ ծրագիրն հաջողված է և կարևոր խնդիր է լուծում՝ նպաստում է սիրիահայերի ինտեգրմանը։ Դժվարություններ ևս լինում են․

 

-Զանգում ես, մարդիկ ասում են, մենք տանից դուրս չենք գալիս, դա ամենացավոտ  պահն է, հատկապես երբ տարիքով կանայք են լինում, ասում են՝ մենք ոչ մի տեղ չենք գնում, ոչ մի փողոց չգիտենք, կմոլորվենք, և դու  փորձում ես համոզել, որ կարող է ընկերուհու հետ գալ, կամ եթե երիտասարդ կա՝  երիտասարդի օգնությամբ, հասցեն բացատրում ես, փորձում ես ամեն կերպ համոզել և բերել, ու ինձ թվում է՝ ստացվում է: Հատկապես այն  կանայք, որոնք, օրինակ՝ չունեն աշխատանք, հիմա ասում են՝ ամբողջ օրը տանն ենք, եթե նման բան լինի, մեզ անպայման տեղյակ պահեք մենք հաճույքով նորից կմասնակցենք։

 

Կամավորության մասին  Մերին ասում է.

-Չունեի ինքնավստահություն ու համարձակություն, հիմա ավելի  կազմակերպված և պատասխանատում եմ, բարելավվեցին հաղորդակցման հմտություններս, հանդուրժող և պատրաստակամ եմ, փորձում եմ հնարավորինս բոլորին օգնել, օգուտ տալ: Երբ դու քո աշխատանքով օգտակար ես լինում մարդկանց, ինչքան որ տալիս ես, դրա կրկնակին ստանում ես:

Մերին վերջերս մասնակցել էր Հայկական Կարմիր խաչի ընկերության «Երիտասարդական նորարարական ճամբարին», որի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեին դիմելու փոքր դրամաշնորհի՝ իրենց նախաձեռնություններն իրականացնելու համար: Մերիի ներկայացված ծրագիրն արժանացել է հավանության և արդեն մեկ ամիս է ինչ գործում է՝ դրա շնորհիվ հինգ ամիս սիրիահայ երիտասարդները ռուսերեն են սովորելու:

ԻՐԻՍ ծրագիրը իրականացվում է Ի պատասխան Սիրիական Ճգնաժամի ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային Թրասթ Ֆոնդի՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ։, Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հայկական կարիտաս Բարեգործական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության, Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիայի կողմից։