Նորություններ
Այստեղ այնքան սեր ու ջերմություն կա. Արմո պապ

Այստեղ այնքան սեր ու ջերմություն կա. Արմո պապ

27.04.2021
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Այստեղ այնքան սեր ու ջերմություն կա. Արմո պապ

Մասիսի բարեգործական ճաշարանում շաբաթը երեք օր տաք ճաշ, հյութ, քաղցրավենիք է ստանում գրեթե 100 միայնակ տարեց:

Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն 2017թ. գործարկել է «Սնունդ ՀՀ 4 մարզերի համար» ծրագիրը՝ Լոռու, Շիրակի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում 80 միայնակ տարեցի ապահովել սննդի փաթեթով:  Շահառուներն ընտրվել են հստակ որոշված կարիքների և մշակված չափանիշների հիման վրա: Գործընթացն իրականացվել է սերտորեն համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հատկապես՝ մարզպետարանների և քաղաքապետարանների սոցիալական հարցերի բաժինների հետ: 

Արարատի Մասիս քաղաքում ծրագիրն իրագործվեց Բարեգործական ճաշարանի միջոցով։

73-ամյա Արմո պապիկը խիստ բծախնդիր է, ասում է՝ 2017թ. տիկնոջ մահից հետո ամեն բան ու ամեն մարդու պատրաստած չէ, որ հավանում ու համտեսում է: Բայց Կարմիր խաչի ուտելիքներն այնքան համով ու սննդարար են, որ այդ օրերը բաց չի թողնում: Անհամբերությամբ է սպասում այդ օրերին, ճաշարանում հասակակիցների հետ ջերմ սեղանի շուրջ շփումներին: Ճիշտ է, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, այս օրերին ուտելիքը տուն են տանում: Ինքն էլ, մինչև Ղարաբաղյան հակամարտության սրացումը մենակ էր ապրում: Հիմա իրեն է միացել Հադրութից տեղափոխված որդու ընտանիքը: Երկու թոռների համար ևս ուտելիքը բավականացնում է:

-         Եթե համով ու սննդարար չլիներ, հաստատ չէի գա: Եթե աշխատողները մաքուր ու բարեհամբույր չլինեին, չէի գա: Այնքան սեր ու ջերմություն կա այստեղ, որ միայն դրա համար արժե գալ, - ասում է Արմո պապիկը: