Նորություններ
Ճաշարանի ուտելիքները մամայի եփածի պես համով են....

Ճաշարանի ուտելիքները մամայի եփածի պես համով են. Արայիկ պապ

14.04.2021
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ճաշարանի ուտելիքները մամայի եփածի պես համով են. Արայիկ պապ

Մասիսի բարեգործական ճաշարանում շաբաթը երեք օր տաք ճաշ, հյութ, քաղցրավենիք է ստանում գրեթե 100 միայնակ տարեց:

 65-ամյա Արայիկ Տանաջյանը ճաշարան է այցելում շաբաթը երեք անգամ, թարմ պատրաստված ճաշ ու քաղցրավենիք է տանում նաև Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Քաշաթաղի շրջանից Մասիս տեղափոխված չորս թոռների համար:

-         Մամայի եփածի պես համով է, - ասում է նա: - Եթե այդպես չլիներ, չէի գա:

Աշխատակազմից ու սպասարկումից շատ գոհ է: «Գերազանց ու մաքրազարդ»․ այսպես է բնութագրում ճաշարանն ու աշխատակիցներին:

 

Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունն 2017թ. գործարկել է «Սնունդ ՀՀ 4 մարզերի համար» ծրագիրը՝ Լոռու, Շիրակի, Արարատի և Արմավիրի մարզերում՝ նպատակ ունենալով յուրաքանչյուր մարզում 80 միայնակ տարեցի ապահովել սննդի փաթեթով:  Շահառուներն ընտրվել են հստակ որոշված կարիքների և մշակված չափանիշների հիման վրա: Գործընթացն իրականացվել է սերտորեն համագործակցելով տեղական ինքնակառավարման մարմինների, հատկապես՝ մարզպետարանների և քաղաքապետարանների սոցիալական հարցերի բաժինների հետ: 

Արարատի Մասիս քաղաքում ծրագիրն իրագործվեց Բարեգործական ճաշարանի միջոցով։

-         Մեզ համար այդքան տանջվում են, եփում ու լվանում ու մաքրում են, որ ամեն ինչ իդեալական լինի, ոչ մի դժգոհություն չունենանք: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Հայկական Կարմիր խաչի ընկերությանը այս անձնվեր նախաձեռնության համար:

Արայիկ պապիկը Կարմիր խաչից ստացել է նաև սննդի փաթեթ, հիգիենիկ պարագաներ երկու որդիների ընտանիքների համար, ծալովի մահճակալ, տաքացուցիչ, անկողնային ու հիգիենիկ պարագաներ:

-         Մեծ օգնություն էր Կարմիր խաչից,- ասում է նա,- թե չէ իմ դատարկ տան մեջ ինչպես պետք է տեղավորվեին թոռներս:

Ասում է, եթե ինչ-ինչ պատճառով չի կարողանում գալ, Կարմիր խաչի կամավորները ճաշը տուն են տանում, հետաքրքրվում են իր որպիսությամբ բացակայության պատճառով, ամեն բան անում են՝ օգնելու ու իր հոգսերը թեթևացնելու համար: