Նորություններ
Ձևավորվում է «Կլիմայի արևելյան հարթակ» ցանցը

Ձևավորվում է «Կլիմայի արևելյան հարթակ» ցանցը

01.07.2013

Հունիսի 19-20-ին, "Կլիմայի արևելյան հարթակ"  ծրագրի շրջանակներում 20-ից ավելի հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչներ հանդիպել էին Ծաղկաձորում` բնապահպանական և կլիմայի փոփոխության քաղաքականության խնդիրները քննարկելու, ինչպես նաև հուլիսին Կլիմայի հայկական հարթակ ազգային պլատֆորմի մեկնարկային հանդիպմանը նախապատրաստվելու համար:

Քննարկվող թեմաներն էին` Կլիմայի փոփոխության վերաբերյալ  միջազգային համաձայնագրերը և ՀՀ ու ԵՄ դիրքորոշումները, ՀՀ մասնակցությունը Կիոտոյի արձանագրությանը, Կլիմայի փոփոխության հարմարվողականությունը. ՀՀ և ԵՄ քաղաքականությունները, ֆինանսական մեխանիզմները, տեխնոլոգիաների զարգացումն ու փոխանցումը, կարողությունների ամրապնդումը:  Թեև պլանավորված էր անցկացնել սեմինար, և պետք է լինեին միայն դասախոսություններ` թեժ քննարկումներ տեղի ունեցան ներկայացվելիք թեմաների շուրջ, ինչը դրական ազդանշան էր  "Կլիմայի հայկական հարթակ" ցանցը ընդլայնելու համար: 

Այս հանդիպումից հետո  Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կլիմայի փոփոխության ոլորտում  քաղաքականության առաջնայնությունների հստակեցման նպատակով կազմակերպեց երկու սեմինար: Առաջին սեմինարի ընթացքում, որը տեղի ունեցավ Երևանի Օրհուս կենտրոնում, քննարկվեցին Ցանցի անդամ ՀԿ-ների կարողությունները և հնարավոր ներդրումները`  "Կլիմայի հայկական հարթակ" ցանցը ընդլայնելու համար: Ավելին, թեժ քննարկումների արդյունքում  Կլիմայի խոցելիության գնահատման (ԿԽԳ) զեկույցի համար ընտրվեցին հինգ առաջնային ոլորտներ, մասնավորապես` աղետների ռիսկի նվազում, առողջապահություն, գյուղատնտեսություն, էկոհամակարգեր և ջրային ռեսուրսներ: Մասնակիցներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին` մասնակցելու ԿԽԳ զեկույցի պատրաստման գործընթացին` թեմատիկ ուսումնասիրություններ պատրաստելով յուրաքանչյուր ընտրված ոլորտի համար: Հանդիպմանը մասնակցեցին ավելի քան 20 հասարակական կազմակերպություններ:

Երկրորդ սեմինարը նվիրված էր "Կլիմայի հայկական հարթակ" ցանցի աշխատանքային պլանի մշակմանը, ինչպես նաև Փոխըմբռնման հուշագրի  քննարկմանը, որը պետք է ստորագրվի ՀԿԽԸ-ի և Ցանցի անդամ կազմակերպությունների միջև: Արդյունքում, Փոխըմբռնման հուշագիրն ամբողջականացվեց, և կստորագրվի` հոկտեմբերի վերջին կայանալիք "Կլիմայի հայկական հարթակ" ցանցի աշխատանքային հանդիպման ընթացքում: