Նորություններ
ՀԿԽԸ-ն կշարունակի խթանել սիրիահայերի...

ՀԿԽԸ-ն կշարունակի խթանել սիրիահայերի ինտեգրումը Հայաստանում

18.12.2014
ՀԿԽԸ-ն կշարունակի խթանել սիրիահայերի ինտեգրումը Հայաստանում

Դեկտեմբերի 18-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակում տեղի ունեցավ համագործակցության տասնհինգ ծրագրերի ստորագրման արարողությունը: Մոտ 10 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով նոր ծրագրերի միջոցով ԵՄ-ն կաջակցի քաղաքացիական հասարակությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև Հայաստանում կառավարման բարեփոխումներին: 
Տասնհինգ պայմանագրերը երկկողմանի և տարածաշրջանային տարբեր ոլորտներից են` գյուղատնտեսությունից մինչև գյուղական համայնքների զարգացում, մարդու իրավունքներից և ժողովրդավարությունից` աղքատության նվազեցում և քաղաքային կայուն զարգացում: 

Արարողության ընթացքում ողջույնի խոսք ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեան.

- Եվրամիությունը հավատարիմ է մնում Հայաստանի հետ համագործակցելու իր պատրաստակամությանը, և շարունակելու է ամրապնդել երկկողմանի համագործակցությունը` փոխհամաձայնեցված արժեքների վրա հիմնված երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Մեծ հաճույքով ողջունում եմ այս կարևոր նախաձեռնությունների սկիզբը, որոնք կֆինանսավորվեն ԵՄ կողմից:
2015-2016թթ. ԵՄ ֆինանսավորմամբ և Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի «Խթանելով սիրիահայերի ինտեգրումը» ծրագիրը, որին կտրամադրվի 400 000 եվրո: