Նորություններ
Արարատի Լուսառատ համայնքի դպրոցականները նոր...

Արարատի Լուսառատ համայնքի դպրոցականները նոր ուսումնական տարին դիմավորեցին Հայկական Կարմիր խաչի կողմից վերանորոգված դպրոցում

05.09.2014

Սեպտեմբերի 4-ին, ժամը 10:00-ին տեղի ունեցավ Արարատի մարզի Լուսառատ համայնքի դպրոցի` Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից վերանորոգված երկրորդ հարկի բացման արարողությունը: 
Միջոցառմանը ներկա էին  ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիսուկե Յամագիշին և ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը:

 

ՀԿԽԸ նախաձեռնության շնորհիվ սահմանամերձ Լուսառատ համայնքի 300 դպրոցականներն 2014 - 2015 թթ. ուսումնական տարում արդեն հնարավորություն ունեն կրթություն ստանալու բարեկարգ և ժամանակակից պայմաններում: Դպրոցի շենքի ներքին հարդարման և կահավորման աշխատանքներն իրականացվել են Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի միջոցով: 

Ողջունելով ներկաներին, դպրոցականներին և ուսուցիչներին` ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը նշեց.

- Որակյալ կրթությունը այն կարևոր նախապայմանն է, որ անհրաժեշտ է ապագա գիտակից  քաղաքացիներ ունենալու համար: Կարևորելով դա, մեր ճապոնացի գործընկերների աջակցության շնորհիվ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ջանքեր չխնայեց`  մեր երեխաների ուսման համար բարեկարգ պայմաններ ստեղծելու համար:  Մնում է, որ դուք էլ նույն պատասխանատվությամբ մոտենաք ձեր ուսմանը:

Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան առաջին քարտուղար Կեիսուկե Յամագիշին բարձր գնահատեց կատարված աշխատանքը` նշելով վերանորոգման և կահարվորման որակը.

ճապոնիայի կառավարության անունից շնորհավորում եմ նոր ուսումնական տարին նոր շենքում դիմավորելու կապակցությամբ: Ճապոնիայի կառավարությունը շարունակում է իրականացանել սոցիալ- տնտեսական զարգացման ծրագրերը ինչը ավելի կամրապնդի Հայասատանի և Ճապոնիայի բարեկամությունը:

Երեխաները հյուրերին ողջունեցին հայկական երգ ու պարով, ասմունքով, հնչեցին նաև ճապոներեն մաղթանքներ ու շնորհակալական խոսքեր:

Եզրափակելով բացման պաշտոնական մասը Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին` շեշտելով.

Կրթական օջախները հայ ազգի համար ունեն ռազմավարական նշանակություն, նրանք մեր պետականության հենասյուններն են:Որքան կիրթ սերունդ` այնքան ամուր պետականություն:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Աղետների կառավարման գործունեության շրջանակներում դեռ 2008թ. Արարատի մարզում անցկացրել էր համայնքների խոցելիության և կարողությունների գնահատում: 


Արդյունքում պարզվել էր, որ սահմանամերձ, հիմնականում փախստականներով բնակեցված Լուսառատ համայնքի դպրոցը գտնվում է անմխիթար վիճակում, ինչն ուղղակիորեն անդրադառնում էր կրթական գործընթացի որակի վրա:

Կարևորելով բարեկարգ պայմաններում դպրոցահասակ երեխաների բարձրորակ ուսուցման կազմակերպումը և խնդրի հրատապությունը` ՀԿԽԸ-ն նախաձեռնել էր միջոցների հայթաթման ակտիվ գործունեություն, որի նպատակն էր աջակցել դպրոցի վերանորոգմանը և ուսման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Լուսառատ համայնքի դպրոցի առաջին հարկի վերանորոգման ծրագիր էր ներկայացրել Ճապոնիայի կառավարությանը, որը դրական արձագանք էր ստացել` արժանանալով դրամաշնորհի: 

Դպրոցի առաջին հարկի վերանորոգման ու կահավորման աշխատանքներն իրականացվեցին 2011թ. փետրվար-մայիս ամիսներին` 1-6-րդ դասարանների 150 երեխաների համար ստեղծելով բարեկարգ միջավայր: 
ՀԿԽԸ-ն, սակայն, ավարտված չհամարելով իր առաքելությունը, շարունակեց ռեսուրսների հայթայթման գործընթացը և հաջողության հասավ: Բարձր գնահատելով առաջին հարկի վերանորոգման և կահավորման որակը` Ճապոնական կառավարության կողմից որոշում ընդունվեց գումար տրամադրել նաև երկրորդ հարկի համար: ՀԿԽԸ հետևողականության շնորհիվ Լուսառատի դպրոցն այսօր ամբողջությամբ վերանորոգված է և պատրաստ` նոր պայմաններում դիմավորելու իր բոլոր աշակերտներին: