Նորություններ
Ամփոփվեց Սիրիահայերի ինտեգրման խթանում ծրագիրը

Ամփոփվեց Սիրիահայերի ինտեգրման խթանում ծրագիրը

26.04.2017
Ամփոփվեց Սիրիահայերի ինտեգրման խթանում ծրագիրը

Ապրիլի 26-ին, 11:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Քուին Էրատո» սրահում տեղի ունեցավ Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից իրականացվող «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի փակումը: Միջոցառմանը ներկա էին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, Եվրամիության հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը, ՀՀ Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, բարձրաստիճան այլ հյուրեր:

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին սիրիահայերի համար իրականացվող ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները, ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, սիրիահայերին առնչվող այլ հարցեր:

«Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագրի հատուկ նպատակն էր խթանել սիրիահայերի ինտեգրումը` տնտեսական գործունեության և երեխաների կրթության ոլորտներում: Այն իրագործվել է Երևանում և Շիրակի, Լոռիի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում, 2015թ. մարտից մինչև 2017թ. ապրիլը: Ծրագիրը ֆինանսավորել են Եվրոպական միությունը (ներդրումը` 94.1 տոկոս) և Ավստրիական Կարմիր խաչը (ներդրումը` 5.9 տոկոս): Ծրագրի տնտեսական բաղադրիչը հնարավորություն է տվել ներգրավելու ներկայումս Հայաստանում բնակվող բոլոր սիրիահայերին, իսկ կրթական ուղղվածության գործողություններում ընդգրկվել է 5000-ից ավելի դպրոցական, այդ թվում՝ 800 սիրիահայ:

Տնտեսական ինտեգրումը խթանելու նպատակով ստեղծված job-syrianarmenians.am էլեկտրոնային կայքը օգտակար գործիք է գործատուների համար շատ արագ գտնելու սիրիահայ աշխատողի, իսկ հիմք ընդունելով ծրագրի շրջանակներում իրականացված աշխատաշուկայի ուսումնասիրությունը՝ սիրիահայերի համար կազմակերպված խորհրդատվությունները հնարավորություն են տվել վերջիններիս առավել լավ ծանոթանալու հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին և ոլորտի օրենսդրությանը:
Միաժամանակ, ծրագրի շրջանակում տրամադրված գործիքների օգնությամբ 81 սիրիահայեր կարողացել են վերսկսել կամ զարգացնել իրենց աշխատանքը Հայաստանում
Նկատի ունենալով կրթական հաստատություններում սիրիահայերի ինտեգրման հետ կապված բարձրացված հարցերը՝ ծրագրի սոցիալ-մշակութային ինտեգրում բաղադրիչի շրջանակներում դպրոցներում և հանրային վայրերում կազմակերպված միջոցառումները նպաստել են հավասարապես թե° հայաստանցիների, թե° սիրիահայերի իրազեկության բարձրացմանը և, ինչպես իրենք են փաստում, խթանել սիրիահայերի առավել հեշտ ներգրավմանը կրթական միջավայրում և հասարակությունում:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հանդիսանալով օժանդակ կառույց կառավարությանը` մարդասիրական ոլորտում և առաջնորդվելով իր առաքելությամբ, այն է` կանխարգելել և թեթևացնել մարդկային տառապանքները, չէր կարող անմասն մնալ Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրներին արձագանքելուն և նրանց աջակցել է 2012 թվականից` ժամանման առաջին իսկ օրվանից:
Հաշվի առնելով իրավիճակն ու աջակցության կարիք ունեցող սիրիահայերի մեծ թիվը, ՀԿԽԸ-ն ձեռնամուխ եղավ Հայաստան տեղափոխված սիրիահայերի կենսապայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործմանը: