Նորություններ
Շիրակի մարզում անցկացվեց Համայնքային...

Շիրակի մարզում անցկացվեց Համայնքային արձագանքման կամավորական թիմերի առաջին մրցումը

12.07.2013

Հուլիսի 12-ին, ժամը 12-ին, Շիրակի մարզի Առափի համայնքում Հայկական Կարմիր խաչի ընկերությունն անցկացրեց Համայնքային արձագանքման կամավորական 14 թիմերի առաջին մրցումը: Այն ղեկավարվում էր Շիրակի մարզի փրկարարական վարչության կողմից:

Միջոցառմանը ներկա էին Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ  Մխիթար Մնացականյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Մրցման բացման արարողության ժամանակ ողջունելով կազմակերպիչներին ու մասնակիցներին, ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ասաց.

-Մենք  բարձր ենք գնահատում մեր համագործակցությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ` աղետների ռիսկի նվազեցման ոլորտում: Համայնքային արձագանքման կամավորական  թիմերի  ձևավորումը մեծ նշանակություն ունի համայքների խոցելիությունը նվազեցնելու գործում:

ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը, շնորհակալություն հայտնելով ԱԻ նախարարությանը` նախաձեռնությանն աջակցելու համար, նշեց. 

-Ես ողջունում եմ կամավորական թիմերի անդամներին, քանի որ նրանց կամավոր մասնակցության շնորհիվ են կայացել այս թիմերը, որոնք անհրաժեշտության դեպքում կկարողանան պատշաճ արձագանքել` արտակարգ իրավիճակի դեպքում:

Թիմերը ցուցադրեցին իրենց գիտելիքներն ու հմտությունները և իրականացրեցին գետանցում, օգնության ցուցաբերեցին տուժածին, անցան ԱՌՆ թեսթավորում, պայմանական տուժածներին դուրս բերեցին փլատակից և վթարված ավտոմեքենայից, բարձրացրեցին ծանր առարկաներ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2010թ.-ից ՀՀ Շիրակի մարզում իրականացնում է աղետների ռիսկի նվազեցման ոլորտում «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում, այս տարիների ընթացքում, հնարավոր է դարձել Շիրակի մարզի 14 գյուղական համայնքներում ձևավորել Համայնքային արձագանքման կամավորական թիմեր՝ Շիրակի փրկարարարական վարչության, մարզային և տեղական իշխանությունների հետ սերտ համագործակցությամբ: Հիմնված թիմերի համար պարբերաբար անցկացվել են դասընթացներ, վերապատրաստումներ և ուսումնական խաղ - վարժանքներ, ինչպես նաև տրամադրվել է թիմային և անհատական գույք՝ արտակարգ իրավիճակի դեպքում օպերատիվ արձագանքում ապահովելու նպատակով: